Իշխանության պնդումները հանրային քննարկումների մասին չեն համապատասխանում իրականությանը․ Մանուկյան
02 Հուլիսի 2026, 11:20
Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն անդրադարձել է օրակարգում ընդգրկված նոր օրենսդրական նախագծին՝ խիստ քննադատության ենթարկելով դրա ընդունման շուրջ ստեղծված շտապողականությունը և հանրային քննարկումների պատրանքը։
Պատգամավորը հայտարարեց, որ իշխող մեծամասնության պնդումները, թե նախագիծը հանրային լայն քննարկում է անցել, չեն համապատասխանում իրականությանը։ Նա պատմեց վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի հետ ունեցած հրապարակային բանավեճի մասին, որին մասնակցել են նաև ընտրական և քաղաքացիական իրավունքով զբաղվող շուրջ 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Ի՞նչ հարցադրում բարձրացնում էինք, տիկին Ղազարյանն ասում էր՝ դեռ ժամանակ կա, դեռ ժամանակ կա։ Նույնիսկ հարցրեցի՝ Ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի կարծիքը կա՞, թե՞ ոչ, պատասխանը նորից նույնն էր՝ դեռ ժամանակ կա, կլինի։ Հիմա նախագիծը բերել են խորհրդարան, բայց ԱԺ փորձագիտական այն գրասենյակի կարևոր եզրակացությունը, որը տրվում է բազմաթիվ օրենքների նախագծերի հետ կապված, այս դեպքում ամբողջությամբ բացակայում է»,- ընդգծեց Մանուկյանը։