Դուք խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին
02 Հուլիսի 2026, 13:10
Երևանում ընթացող «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիայի ժամանակ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում խիստ քննադատեց միջազգային հանրության և եվրոպական կառույցների կրկնակի ստանդարտները՝ ուղիղ դիմելով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Ըստ նրա՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն ստանձնած կառույցի ղեկավարի ներկայիս կեցվածքը չի համապատասխանում հռչակված արժեքներին։
«Մենք այստեղ ենք եկել՝ մեր բողոքը հայտնելու այն փաստի առնչությամբ, որ աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության գաղափարների պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցներից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվելով Հայաստանում՝ ձեռքսեղմումներ է անում և գովեստի խոսքեր շռայլում այն անձի հասցեին, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։
Տիկի՛ն ֆոն դեր Լայեն, այսօր դուք այստեղ Ձեր այցով, Ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի, ազատ կարծիքի համար։ Ազատ խոսքը հանցանք չէ»,- հայտարարեց Մենուա Սողոմոնյանը։