Ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

05 Հուլիսի 2026, 19:00

Սպորտ

Ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան փոխել է մարզական քաղաքացիությունը և այսուհետ միջազգային մրցաշարերում կներկայացնի Հայաստանը։

24-ամյա մարզուհին ընդգրկվել է «Keron Development Foundation» հիմնադրամի «Talent Pool» ծրագրում։ 

Երկարատև բանակցություններից հետո՝ հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ, Չարաևան պաշտոնապես ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։

Այս պահին Ալինա Չարաևան զբաղեցնում է «WTA» վարկանիշային աղյուսակի 118-րդ հորիզոնականը։ Նրա անցումը լուրջ համալրում կլինի Հայաստանի կանանց թենիսի համար և թույլ կտա երկրին ավելի նկատելի ներկայություն ունենալ միջազգային ասպարեզում։

Չարաևան ծնվել է 2002 թվականի մայիսի 27-ին Սամարայում։ Նա Ռուսաստանի սպորտի վարպետ է և մենախաղում «WTA 125» շարքի մեկ մրցաշարի հաղթող։

Պատանեկան մակարդակում թենիսիստուհին նշանակալի արդյունքների է հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ 2020 թվականին Չարաևան հասել է պատանեկան «Ռոլան Գարոսի» մենախաղի եզրափակիչ, իսկ դրանից մեկ տարի առաջ խաղացել էր Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարի զուգախաղի եզրափակչում։

2020 թվականին նա նաև բարձրացել է «ITF»-ի պատանեկան վարկանիշի 12-րդ հորիզոնական։ Այժմ տարածաշրջանի ամենահեռանկարային թենիսիստուհիներից մեկը կարիերան կշարունակի արդեն Հայաստանի հավաքականի կազմում։