Պարալիզացվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատանքը․ Իվետա Տոնոյան

06 Հուլիսի 2026, 12:20

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում իրականացվող լայնածավալ խուզարկությունների ֆոնին ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել նոր հայտարարություններով։

Նա տեղի ունեցողը որակել է որպես նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների կենսագործում։

Տոնոյանի փոխանցմամբ՝ իրավապահները գործում են բացարձակ գաղտնիության պայմաններում՝ «մարտաֆիլմ հիշեցնող մոտիվներով», և անգամ խուզարկության վայր թույլ չեն տվել մուտք գործել Ծառուկյանի երրորդ փաստաբանին՝ Երեմ Սարգսյանին։

ԲՀԿ խոսնակը հայտնել է, որ խուզարկություններ են ընթանում կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև դրանց տնօրենների բնակարաններում։ Աշխատանքը կաթվածահար է եղել մի շարք խոշոր ընկերություններում։

«Այս պահին վստահաբար կարելի է ասել, որ պարալիզացված է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ընկերությունների աշխատանքը, 1000-ավոր աշխատակիցներ մնացել են դրսում»,- նշել է Տոնոյանը։