Բայրամովը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպել են
13 Մայիսի 2023, 08:50
Մայիսի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը»։
Բանակցությունների ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է «Ադրբեջանի դիրքորոշումը և առաջնահերթությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում, ինչպես նաև ապագա ակնկալիքները» (չակերտները Tert.am-ի)։
Բայրամովը Խովաևի հետ հանդիպմանը Հայաստանին «խաղաղ գործընթացն ու բանակցությունները խարխլող սադրիչ քայլեր» (չակերտները Tert.am-ի) է վերագրել այն պարագայում, որ ադրբեջանական զինուժը մայիսի 12-ին ռազմական սադրանք է սկսել Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ և Վերին Շորժա բնակավայրերի ուղղությամբ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը չափազանց կարևոր է, և ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ»։
Հանդիպման ընթացքում «մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։