Հայաստանին ներքաշել են միջազգային վեճի մեջ՝ ընդդեմ Իրանի․ Արման Աբովյան
22 Հուլիսի 2026, 12:11
Այս իշխանություններն այնքան ամբարտավան են, որ Հայաստանին ներքաշել են միջազգային վեճի մեջ՝ ընդդեմ Իրանի։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց ասել է ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Իրանցի գործարարները եկել էին Հայաստան և առաջարկել էին հիմնել հայ-իրանական առևտրային տուն։ Հաշվի առնելով Իրանի հետ մեր եղբայրական հարաբերությունները՝ Գագիկ Ծառուկյանը համաձայնել էր։ Սակայն այդ մարդիկ ոչ մի դոլարի ներդրում չեն արել․ ամբողջ ֆինանսավորումն իրականացրել է Ծառուկյանը»,- ընդգծել է Աբովյանը։
Նրա խոսքով՝ երբ իրանական կողմը փորձել է մեքենայություններ անել, Իրանում սկսվել են դատական գործընթացներ։
«Արդյունքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը կայացրել է օրինական որոշում, որով Գագիկ Ծառուկյանը ճանաչվել է տուժող կողմ, իսկ իրանցի գործարարները ստորագրել են պարտավորագիր, ըստ որի՝ 14 միլիոն դոլար պարտք են Ծառուկյանին։ Մեր իրավապահ մարմինները, վերևից զանգ ստանալով, նույնիսկ չեն խորացել գործի էության մեջ։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որով աշխարհին ազդակ է հղվում, թե Հայաստանն այլևս իրավական պետություն չէ»,- նշել է Արման Աբովյանը։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ բերել են Քննչական կոմիտե, որտեղ կշարունակվի նրա հարցաքննությունը: