Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
27 Հուլիսի 2026, 18:10
Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) Բեյքոզ թաղամասում մեկ տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո վերաբացվելու է տեղի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ 1776 թվականին կառուցված պատմական տաճարն այս տարի նշում է հիմնադրման 250-ամյակը։
Այս մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եկեղեցին դռները կբացի այս տարվա օգոստոսի 7-ին։ Այդ օրը Կ. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ձեռամբ կկատարվի եկեղեցու վերաօծման արարողությունը, իսկ երկու օր անց՝ օգոստոսի 9-ին, տաճարում կմատուցվի վերանորոգումից հետո առաջին պատարագը։
Վերականգնման աշխատանքներն իրականացվել են եկեղեցու հիմնադրամի միջոցներով՝ պոլսահայ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթլըի ղեկավարությամբ։ Ծրագրի շրջանակում նորոգվել են տանիքն ու պատուհանները, իսկ զանգակատունը վերակառուցվել է նախնական տեսքով՝ արխիվային լուսանկարների հիման վրա։