Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է ՀԲՖ նախագահի պաշտոնից. նրան կփոխարինի Արթուր Նազարյանը
29 Հուլիսի 2026, 19:03
20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան (ՀԲՖ) ղեկավարելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հրաժեշտի ուղերձում։
Ռոստոմյանը նշել է, որ 2006 թվականին, երբ ստանձնել է ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվել է չափազանց ծանր վիճակում՝ առանց ազգային հավաքականների, կանոնավոր առաջնությունների և զարգացման համակարգային ծրագրերի, ուստի աշխատանքները փաստացի սկսվել են զրոյից։
«Այսօր հեռանում եմ այն համոզմամբ, որ թողնում եմ կայացած և զարգացող ֆեդերացիա՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և, ամենակարևորը, իր գործին նվիրված ու բարձր մասնագիտական որակներ ունեցող թիմով»,- ընդգծել է ՀԲՖ արդեն նախկին նախագահը։
Իր ուղերձում Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, հովանավորներին և բոլոր աջակիցներին։ Նա հաջողություն է մաղթել ՀԲՖ նոր նախագահին ու թիմին՝ վստահություն հայտնելով, որ նրանք ոչ միայն պահպանելու են ձեռքբերումները, այլև հայկական բասկետբոլը հասցնելու են նոր բարձրունքների։
Հավելենք, որ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արթուր Նազարյանը։ Այս մասին հայտնել են ֆեդերացիայից։ Մինչ այս նա զբաղեցնում էր ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։