Զինվորական ծառայությունից դեպի համաշխարհային մարզահարթակներ. Սվետլանա Եսայան
29 Հուլիսի 2026, 22:00
Սվետլանա Եսայանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 29-ին Հայաստանում ։ Երիտասարդությունից նրա կյանքը կապված է եղել բանակի և սպորտի հետ։ Զինված ուժերում ծառայությունը ձևավորել է նրա ամուր բնավորությունը, իսկ թեթև աթլետիկայի հանդեպ սերն ու հետևողական մարզումները նրան դարձրել են երկրի ամենահայտնի վետերան մարզիկներից մեկը։
Լինելով պահեստազորի մայոր՝ նա կարողացել է համատեղել ռազմական կարգապահությունն ու սպորտային համառությունը՝ օրինակ ծառայելով բազմաթիվ սերունդների համար։
1980-ական թվականների վերջից Եսայանն ակտիվորեն մասնակցել է վետերանների միջազգային մրցումներին՝ ներկայացնելով Հայաստանը հեղինակավոր մրցաշարերում։ 1991 թվականին նա առաջին անգամ հաղթել է Հունգարիայում անցկացված Վետերանների համաշխարհային խաղերում, իսկ հետագայում կրկնել է հաջողությունը ԱՄՆ-ում՝ 1998 և 2011 թվականներին։ 2005 թվականին Գերմանիայում անցկացված թեթև աթլետիկայի աշխարհի փակ առաջնությունում նա նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումն՝ ամրապնդելով իր հեղինակությունը որպես իր սերնդի ամենաուժեղ մարզուհիներից մեկը։
Չնայած տարիքին՝ Սվետլանան շարունակել է մասնակցել մրցումներին և հաղթանակներ գրանցել։ 2012 թվականին Սենթ Ջորջում (Յուտա նահանգ, ԱՄՆ) անցկացված «World Senior Games»-ում նա արծաթե մեդալ է նվաճել սկավառակի նետում մարզաձևում՝ ապացուցելով, որ դեռ մեծ պոտենցիալ ունի: Նրա հաջողությունների ճանապարհը, սակայն, հեշտ չի եղել. բազմաթիվ միջազգային մրցումների մասնակցության ծախսերը մարզուհին ստիպված է եղել հոգալ սեփական միջոցներով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրա անսահման նվիրումն ինչպես սպորտին, այնպես էլ հայրենիքին։
Մարզական հաջողություններից բացի՝ Սվետլանա Եսայանը մարզչական գործունեություն է ծավալել ՀՀ պաշտպանության նախարարության մարզահամալիրում՝ իր հարուստ փորձը փոխանցելով երիտասարդներին և զինված ուժերում խթանելով առողջ ապրելակերպը։ Նրա կենսագրությունը կնոջ մասին պատմություն է, որը կարողացել է համատեղել զինվորական ծառայությունը, մայրությունն ու համաշխարհային սպորտում նշանակալի նվաճումները՝ դառնալով ոգեշնչման աղբյուր շատերի համար։
Սվետլանա Եսայանը տոկունության և ուժեղ կամքի խորհրդանիշ է՝ իր օրինակով ապացուցելով, որ հայ կինը կարող է ոչ միայն պաշտպանել հայրենիքն, այլև բարձր պահել նրա անունը համաշխարհային սպորտի ասպարեզում։