Հարսանիքը վերածվել է զանգվածային վիճաբանության․ կան վիրավորներ և ձերբակալվածներ

29 Հուլիսի 2026, 21:25

Հայեր

Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ձեռքի և գլխի վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի 46-ամյա բնակիչ Սերոբ Ծ․-ն:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի բակում հարսանեկան արարողության մի խումբ մասնակիցներ վիճաբանել են միմյանց հետ:

Ըստ նախնական տվյալների՝ հասարակական կարգը կոպտորեն խախտած և միմյանց սեռական բնույթի հայհոյանքներ ու հարվածներ հասցրած մասնակիցների թվում են եղել 37-ամյա Դավիթ Գ․-ն, 46-ամյա Սերոբ Ծ․-ն, 43-ամյա Սահակ Ծ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Մասիս Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձինք: Վիճաբանության ընթացքում Սերոբ Ծ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխվել Սերոբ և Սահակ Ծ․-երը, Դավիթ Գ․-ն և Մասիս Պ․-ն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 171-րդ հոդվածի 5-րդ կետի հատկանիշներով: Վարույթի շրջանակներում պարզվել է նաև, որ Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Արեն Հ․-ն և 49-ամյա Արմեն Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նույնպես հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ հասցրել Սահակ Ծ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նախաքննությունը շարունակվում է: Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: