Apple-ը ժամանակավորապես հեռացրել է Telegram-ը App Store-ից

04 Օգոստոսի 2026, 09:45

Քաղաքականություն

2026 թվականի օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը Telegram-ը մոտ մեկուկես ժամով անհասանելի է եղել App Store-ում ամբողջ աշխարհում։ Օգտատերերը չեն կարողացել հավելվածը գտնել որոնման միջոցով, իսկ ուղիղ հղումով մուտք գործելիս առաջացել է սխալ։ Սակայն մոտ մեկուկես ժամ անց այն կրկին հասանելի է դարձել։

Միևնույն ժամանակ Telegram-ը շարունակել է հասանելի մնալ Mac App Store-ում և Google Play-ում։ Սկզբում ո՛չ Apple-ը, ո՛չ էլ մեսենջերի ներկայացուցիչները չեն պարզաբանել, թե որն է եղել պատճառը։

Ավելի ուշ Apple-ը մեկնաբանել է իրավիճակը՝ հայտնելով, որ Telegram-ը ժամանակավորապես հեռացվել էր ստուգման նպատակով։ Ընկերության տվյալներով՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել էր բովանդակություն, որը խախտում էր App Store-ի խիստ կանոնները՝ կապված երեխաների սեռական շահագործմանը վերաբերող նյութերի արգելքի հետ։

Իր հերթին Telegram-ի մշակողները արագորեն հեռացրել են արգելված բովանդակությունը և արգելափակել այն հրապարակած օգտատիրոջը, ինչից հետո հավելվածը կրկին վերականգնվել է App Store-ում։

Վերականգնումից կարճ ժամանակ անց Telegram-ի պաշտոնական էջը X հարթակում հրապարակել է հեգնական գրառում․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

Ընկերությունը նաև կոչ է արել նմանատիպ մոտեցում կիրառել նաև մյուս մեսենջերների նկատմամբ։ Ներկայումս Telegram-ը կրկին հասանելի է App Store-ում աշխարհի բոլոր տարածաշրջաններում։