Telegram-ը մեկուկես ժամով հեռացվել է App Store-ից ամբողջ աշխարհում

04 Օգոստոսի 2026, 09:45

Քաղաքականություն

Գիշերը Telegram մեսենջերը ժամանակավորապես անհետացել էր App Store-ից ամբողջ աշխարհում։ Օգտատերերը չէին կարողանում հավելվածը գտնել որոնման միջոցով, իսկ ուղիղ հղմամբ բացելիս ցուցադրվում էր սխալ։ Սակայն մոտ մեկուկես ժամ անց հավելվածը կրկին հասանելի է դարձել։

Միևնույն ժամանակ Telegram-ը շարունակել է հասանելի մնալ Mac App Store-ում և Google Play-ում։ Սկզբում ո՛չ Apple-ը, ո՛չ էլ մեսենջերի ներկայացուցիչները չէին պարզաբանել տեղի ունեցածի պատճառը։

Ավելի ուշ Apple-ը մեկնաբանել է իրավիճակը՝ հայտնելով, որ Telegram-ը ժամանակավորապես հեռացվել էր ստուգման նպատակով։ Ընկերության տվյալներով՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել էր բովանդակություն, որը խախտում էր App Store-ի խիստ կանոնները՝ կապված երեխաների սեռական շահագործմանը վերաբերող նյութերի արգելքի հետ։

Իր հերթին Telegram-ի մշակողները արագորեն հեռացրել են արգելված բովանդակությունը և արգելափակել այն հրապարակած օգտատիրոջը, ինչից հետո հավելվածը կրկին վերականգնվել է App Store-ում։

Վերականգնումից կարճ ժամանակ անց Telegram-ը X հարթակում հրապարակել է հեգնական գրառում․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

Ընկերությունը նաև կոչ է արել նմանատիպ մոտեցում կիրառել նաև մյուս մեսենջերների նկատմամբ։ Ներկայումս Telegram-ը կրկին հասանելի է App Store-ում աշխարհի բոլոր տարածաշրջաններում։