Բացառում եմ, որ մեր թիմը կողմ քվեարկի Սահմանադրության փոփոխությանը․ Կարապետյան
04 Օգոստոսի 2026, 14:39
Ընդդիմությունը խոսում է կոնկրետ խնդիրներից, մասնավորապես՝ «Հայփոստ»-ի կառավարման արդյունավետությունից և սակագների բարձրացումից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Պատասխանելով խորհրդարանում հնչող փոխադարձ վիրավորանքների և սադրիչ ելույթների վերաբերյալ հարցին, Կարապետյանը նշել է, որ հայկական քաղաքական միտքը դեռ նոր է սովորում գրագետ և քաղաքակիրթ հակադրության մշակույթին։
«Մեր ժողովուրդը բոլոր մեր այցելությունների ժամանակ ասում է՝ դա խոսույթ չէ, մեր երեխաներն են նայում, դա մեր երկրի վարքագծային օրինակ չէ։ Մենք պետք է խոսենք մարդկանց կյանքը փոխելու մասին, մնացած բոլորն անցողիկ է»,- հավելել է պատգամավորը։
Լրագրողների հարցին՝ արդյոք ընդդիմության շարքերում կգտնվե՞ն այնպիսի գործիչներ, որոնք կողմ կքվեարկեն Սահմանադրության փոփոխությանը՝ ընդառաջելով Ադրբեջանի պահանջներին, Կարապետյանն ընդգծել է․ «Բացառում եմ մեր քաղաքական թիմի աջակցությունն այդ գործընթացին»։