Բարձր վարձատրվող պաշտոնների հիմնական չափանիշը ՔՊ-ի հետ կապն է․ Վարդևանյան
04 Օգոստոսի 2026, 16:19
Մեր հանրությունը խորհրդարանում պետք է տեսնի բոլորովին այլ մթնոլորտ և միջավայր։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով խորհրդարանական մշակույթին և պետական կառավարման արդյունավետությանը։
««Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բոլոր ելույթների ընթացքում ներկա է Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Սա մեր խմբակցության ղեկավարի դիրքորոշումն է, որովհետև մեր հանրությունը իսկապես պետք է տեսնի որակապես այլ մթնոլորտ և միջավայր։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, ինչպես և մեր ողջ օրենսդրությունն, արգելում է վիրավորական արտահայտություններ հնչեցնել այս ամբիոնից»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով պետական կառավարման մոդելներին և «Հայփոստ»-ի շուրջ ծավալված քննարկումներին՝ Վարդևանյանն ընդգծել է, որ պետությունը մասնավոր ծառայությունների ոլորտում արդյունավետ կառավարիչ լինել չի կարող։
«Միջազգային փորձն այս հարցին ուղիղ պատասխան է տվել, որ պետությունը լավ կառավարիչ չէ․ դրանից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս։ Հիմա ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ է գնում։ Իսկ ո՞րն է բարձր վարձատրվող պաշտոններում նշանակվելու հիմնական չափանիշը։ Դա մեկն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ դրա հետ փոխկապակցված լինելը»,- նշել է Վարդևանյանը։