Գալու է օրը, երբ հենց ՔՊ-ականներն են Փաշինյանին հեռացնելու․ Սամվել Կարապետյան

04 Օգոստոսի 2026, 18:38

Քաղաքականություն

«Նարեկ Կարապետյանը միշտ կիրթ և կառուցողական է, երբ խոսքը վերաբերում է մեր երկրին»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով խմբակցության ելույթներին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգին, Կարապետյանը նշել է, որ այդ գործընթացն արդեն սկսված է։

Գործարարը նաև արձագանքել է ՔՊ-ականների հեգնանքին, թե որտեղ է իրենց վարչապետի թեկնածուն և որտեղ են անցկացվում նիստերը։

«Նիստերն անում ենք դատարանում։ Այո՛, որովհետև դեռ այլ հնարավորություն չկա»,- ասել է նա։

Հարցին, թե ինչպես է տեսնում Փաշինյանի հեռացումը գործնականում և արդյոք ընդդիմությունը պատրաստվում է 2031 թվականի ընտրություններին, Սամվել Կարապետյանը պատասխանել է․

«Ո՛չ, մենք 2031 թվականին չենք պատրաստվում։ Քայլ առ քայլ գնում ենք առաջ։ Փաշինյանը գնալով ձախողվելու է, և ես վստահ եմ՝ գալու է օրը, երբ հենց ՔՊ-ականներն են նրան հեռացնելու»։