Եթե սխալվել եք, ներողություն խնդրեք ժողովրդից․ Դավիթ Ղազինյանը՝ իշխանությանը

05 Օգոստոսի 2026, 16:44

Քաղաքականություն

Ալիկ Ալեքսանյանը հիմա ձեզանից շատ ավելի ազատ է՝ նույնիսկ նստած վիճակում։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալներին։

«Ցավում եմ, որ Ազգային ժողովի իշխող խմբակցության կողմից մեր գործընկերոջ բացակայությանը որևէ արձագանք չեղավ։ Եթե հարցն այդքան լուրջ է, տիկին գլխավոր դատախազը թող գա այստեղ, հիմնավորի և նորից ձերբակալեն։ Ողջույններս եմ հղում Արթուր Սարգսյանին, Ալիկ Ալեքսանյանին և մյուս քաղբանտարկյալներին։ Ամենակարևորն այն է, որ Ալիկը հիմա ձեզանից շատ ավելի ազատ է՝ նույնիսկ նստած վիճակում»,- նշել է պատգամավորը։

Անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ հնչող մեղադրանքներին՝ Ղազինյանը հիշեցրել է, որ իշխանական ներկայացուցիչները նախկինում պնդում էին, թե ընկերության վերցրած վարկերի տոկոսները ներառված են սպառողների համար սահմանված սակագնում։

«Մենք զգուշացնում էինք, որ սխալ եք դուրս գալու, և ի վերջո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված եղավ հայտարարել, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները Սամվել Կարապետյանը վճարում է իր գրպանից, և դրանք սակագնի մեջ չեն մտնում։ Հիմա եկել եք, բարեկրթությունից եք խոսում․ եթե սուտ եք ասել ժողովրդին, ինչո՞ւ ներողություն չեք խնդրում։ Եթե ես սխալ բան ասեմ ու ներողություն չխնդրեմ, համարեք, որ դա դիտավորյալ եմ արել»,- ընդգծել է Ղազինյանը։

Հիմա եթերում