Նրանք ծրագրել էին 48 ժամում գրավել Իրանը, ինչպես Սիրիան․ Փեզեշքիան

06 Օգոստոսի 2026, 11:18

Քաղաքականություն

Երկրի հակառակորդները (ԱՄՆ-ը՝ խմբ.) հաշվարկել էին հնարավորինս կարճ ժամանակում վերահսկողություն հաստատել Իրանի նկատմամբ։ Այս մասին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Նրանք ծրագրեր էին կազմել և կարծում էին, որ կկարողանան 48 ժամում գրավել Իրանը, ինչպես դա արեցին Սիրիայի դեպքում», — ասել է նա։

Փեզեշքիանի խոսքով՝ վերջին ամիսների իրադարձություններն ու բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելը ծանր փորձություն են եղել երկրի համար։ Նա ընդգծել է իրանցի ժողովրդի միասնության կարևորությունը՝ նշելով, որ պետությունը նախկինում ևս կարողացել է հաղթահարել ամենաբարդ ժամանակաշրջանները՝ քաղաքացիների աջակցության շնորհիվ։

«Եթե մենք միասնական լինենք ժողովրդի հետ, ոչ մի ուժ չի կարողանա ծնկի բերել Իրանին», — հավելել է Փեզեշքիանը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Իրանի նախագահը նշել է, որ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամների կողմից բանակցային գործընթացին հավանություն տալուց հետո երկրի գերագույն առաջնորդը նույնպես հաստատել է այդ որոշումը։