Համաշխարհային պրեմիերա․ Մերի Կույումջյանի «Թղթե դաշնամուրներ» օպերայի ձայնագրությունն արդեն հասանելի է

13 Օգոստոսի 2026, 13:40

Մշակույթ

Օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ամերիկահայ կոմպոզիտոր Մերի Կույումջյանի և հարավաֆրիկացի ռեժիսոր Նայջել Մայստերի «Paper Pianos» («Թղթե դաշնամուրներ») մուլտիմեդիա օպերայի ստուդիական ձայնագրության համաշխարհային պրեմիերան։ Թվային ալբոմը թողարկել է «Cantaloupe Music» ձայնագրման ընկերությունը՝ «Գրեմմի» մրցանակակիր «Alarm Will Sound» անսամբլի կատարմամբ (դիրիժոր՝ Ալան Փիրսոն)։

Ալբոմի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Փախստականների միջազգային կոմիտեին (IRC): Ստեղծագործությունն անդրադառնում է բռնի տեղահանմանը, կարոտին, հույսին և լավատեսությանը։

Կույումջյանի ընտանիքի պատմությունը կապված է երկու ողբերգական իրադարձությունների հետ․ նրա ծնողները 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին փախել են Լիբանանից, իսկ տատն ու պապը վերապրել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հիշողության, աքսորի և «տուն» փնտրելու թեմաներն անցնում են նրա ողջ ստեղծագործական ուղով:

Իր գործերում Կույումջյանը համադրում է ակադեմիական ու փորձարարական երաժշտությունը, իրական հնչյուններն ու սոցիալական ցնցումների ականատեսների վկայությունները: Նա առաջադրվել է «Գրեմմի» (2026 թ.) և Պուլիտցերյան (2024 թ.) մրցանակների, արժանացել ASCAP Foundation Harold Adamson Prize-ին (2024 թ.) և այլ պարգևների:

Հիմա եթերում