Կվերցնենք բոլոր նվերները․ Պետդումայում կոշտ են արձագանքել Հայաստանին

26 Օգոստոսի 2026, 14:54

Քաղաքականություն

ՌԴ-ն կարող է վերանայել Հայաստանի Հանրապետության համար երկար տարիներ տրամադրված արտոնությունների ամբողջ համալիրը, եթե Երևանը շարունակի Մոսկվայից առավելություններ ստանալու քաղաքականությունը՝ միաժամանակ կողմնորոշվելով դեպի Արևմուտք։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։

Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց համար պահպանել ՌԴ-ի հետ համագործակցության առավելագույն հնարավորությունները՝ միաժամանակ ցուցադրելով հավատարմություն արևմտյան գործընկերներին։ Նրա համոզմամբ՝ նման մոտեցումը հակասական է և, ի վերջո, կարող է հանրապետության համար լուրջ հետևանքների հանգեցնել։

«Թող հաճոյանան նրանց։ Բայց այդ դեպքում մենք էլ, բնականաբար, կվերցնենք բոլոր այն նվերները, որոնք երկար տարիներ տվել ենք այս երկրին», — հայտարարել է Չեպան՝ մեկնաբանելով Երևանի ներկայիս քաղաքականությունը։

Ըստ նրա՝ խոսքը կարող է վերաբերել ոչ թե առանձին քայլերի, այլ հարաբերությունների ավելի լայն վերանայման, եթե հայկական կողմը շարունակի միաժամանակ երկու ուղղություններից էլ օգուտ ստանալու ձգտումը։

Պատգամավորը նաև նշել է, որ նման իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի բախվել բավական բարդ քաղաքական և տնտեսական հետևանքների։ Նրա գնահատմամբ՝ ՌԴ-ից հեռանալուն ուղղված ցանկացած քայլ ՀՀ-ի իշխանությունների համար կնշանակի ներքաղաքական ճնշման աճ և հասարակությանը հնարավոր կորուստները բացատրելու անհրաժեշտություն։