Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանը դարձյա՞լ ժամանակ է խնդրել Ալիևից

02 Սեպտեմբերի 2026, 19:00

(Բիշքեքում հայ-ադրբեջանական բանակցությունների հետքերով)

«Հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ դիվանագիտական ակտիվությունը, որը դրսևորվեց Բիշքեկում բարձր մակարդակի շփումների ընթացքում, քաղաքական դեժավյուի զգացողություն է առաջացնում: Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի գործողություններն՝ անհնար է ձերբազատվել ութ տարվա վաղեմության իրադարձությունների հետ համանմանությունից: Ըստ ամենայնի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը դարձյալ փորձում է դիմել իր սիրելի մարտավարությանը՝ Բաքվից ժամանակավոր դադար խնդրել ներքին խնդիրները լուծելու համար:

Տեղի ունեցողի մեխանիկան հասկանալու համար անհրաժեշտ է փոքրիկ պատմական ակնարկ կատարել դեպի 2018 թվականն ու դրան հաջորդած ժամանակահատվածը: Այն ժամանակ, հազիվ իշխանության գալով և ընդդիմախոսների չեզոքացմամբ մտահոգվելով, Փաշինյանը Դուշանբեում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ժամանակ էր խնդրում ներքին խնդիրները լուծելու համար: Այդ մասին բազմիցս գրել է ադրբեջանական իշխանամետ մամուլը (թեև Ալիևների կլանն այլ ԶԼՄ-ներ չի էլ հանդուրժում):

Նրան ժամանակ էր պետք սեփական դիրքերն ամրապնդելու, ընտրություններ անցկացնելու և Արցախի ռազմաքաղաքական էլիտային չեզոքացնելու համար, ինչի խորհրդանիշը դարձան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացները (ում ֆիգուրն այսօր էլ դարձյալ հայտնվում է քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդման կենտրոնում): Այդ շրջանում փակ երկխոսություն հաստատվեց Երևանի և Բաքվի միջև, որի առանցքային օղակն էր վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը՝ ստվերային միջնորդի ու էմիսարի դերում: Փաշինյանը հավաստիացնում էր Ադրբեջանի ղեկավարությանը, որ իշխանության մեջ վերջնականապես ամրապնդվելուց հետո «կանցնի կառուցողական երկխոսության» (այսինքն՝ կկատարի Բաքվի պահանջները): Արդյունքը եղավ 2020 թվականի արյունալի պատերազմը:

Այսօր մենք ականատես ենք լինում նմանօրինակ սցենարի գործարկմանը: Չստանալով բացարձակ սահմանադրական մեծամասնություն կամ գոնե ընտրողների 50%-ից ավելի աջակցությունը՝ Փաշինյանը դարձյալ հայտնվեց խոցելի վիճակում: Ներքին անկայունության, հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ առկա խնդիրների պայմաններում Բիշքեկի բանակցությունները թվում են Իլհամ Ալիևից «իշխանության ամրապնդման» համար ժամանակ խնդրելու հերթական փորձ: Փաշինյանի տրամաբանությունը պարզ է. «Թույլ տվեք ամրապնդել դիրքերս, իսկ հետո էլ միանգամից կկատարեմ ձեր բոլոր պայմանները»:

Եթե Իլհամ Ալիևը համաձայնի էլ հերթական դադար վերցնել, ապա դա կանի բացառապես իր պայմաններով և շատ բարձր գնով: Ադրբեջանական ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական պահանջներից, այլ միայն «կֆիքսի քաղաքական վարկի բարձրացված տոկոսադրույքը»:

Այս մասին գրեթե չի խոսվում, բայց ընթացիկ պահի գլխավոր վտանգը Հայաստանի գործող իշխանության լեգիտիմության բնույթի մեջ է: Բացառապես արտաքին հավանության վրա կառուցված լեգիտիմությունը մահացու վտանգավոր է պետության համար:

Փաշինյանը գիտակցում է, որ աթոռը պահպանում է ոչ թե ժողովրդական աջակցության շնորհիվ (նրա թիմում, ի դեպ, դա նույնպես հասկանում են, և վաղ թե ուշ այնտեղ հարց է բարձրանալու, թե Փաշինյանն ինչով է լավ պայմանական Ալեն Սիմոնյանից, և ինչու պետք է ղեկավարի հենց Փաշինյանը, եթե ամեն ինչ կառուցված է ոչ թե հավանության, այլ «վարչական ճնշման լծակներով խաղալու» վրա), որքան նրանով, որ Բաքուն ու Անկարան ժամանակավորապես չեն վերսկսում լայնամասշտաբ ռազմական գործողությունները, իսկ պայմանական Փարիզից պայմանական Էմանուել Մակրոնն ուղարկում է հերթական շնորհավորական հեռագրերը: Ամեն նման արտաքին կանխավճարի և ադրբեջանական անօդաչուների լռության ամեն օրվա համար ՔՊ առաջնորդը ստիպված է լինելու վճարել Հայաստանի պետական շահերով:

Բաքվի պահանջների ցանկն արդեն վաղուց գաղտնիք չէ: Երևանից պահանջում են բուն պետական մատրիցայի արմատական վերակառուցում: Դա և՛ Հայաստանի Սահմանադրության կտրուկ փոփոխությունն է՝ դրան ադրբեջանական բովանդակություն հաղորդելով, և՛ այսպես կոչված անկլավների հանձնումը, և՛ սահմանազատման անցկացումն ադրբեջանական քարտեզներով, որոնք հայկական հաղորդակցությունները կթողնեն լիովին անպաշտպան:

Ըստ էության, ձևավորվում է մի դասավորություն, որը թույլ է տալիս ցանկացած պահի Հայաստանի Հանրապետությունը վերցնել լիակատար շրջափակման մեջ՝ ղարաբաղյան սցենարով: Դրան զուգահեռ, Բաքուն համառորեն պահանջում է փակել Հայկական ԱԷԿ-ը և, դե ֆակտո, երկիրն ամբողջությամբ ինտեգրել ադրբեջանական էներգետիկ ցանցերին, ինչը նշանակում է էներգետիկ և ազգային ինքնիշխանության վերջնական կորուստ:

Պատմությունը կրկնվում է, բայց ամեն նոր պտույտի հետ սխալի գինն ավելի է բարձրանում: Ազգային զիջումների հաշվին կրկին քաղաքական ժամանակ գնելու Փաշինյանի փորձը չի կանխի Բաքվի ճնշումը, այլ միայն հայոց պետականության վերջնական ապամոնտաժումը կդարձնի ժամանակի հարց:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում