Պուտինի հետ բանակցություններում Փաշինյանի պլանը ձախողվեց
03 Սեպտեմբերի 2026, 12:15
(Անթույլատրելի է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունենան հարաբերությունների նման մակարդակ)
«Բիշքեկում կայացած Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ակնհայտորեն ցույց տվեց հայկական կողմի բոլոր հաշվարկների լիակատար ձախողումը: Եթե մի կողմ դնենք դիվանագիտական քողը, ակնհայտ է դառնում, որ «Wish list»-ց Փաշինյանը ստացել է միայն Մոսկվա հրավիրվելու բուն փաստը: Սակայն հենց այցի միջոցով լեգիտիմացման իլյուզիան ծայրահեղ վտանգավոր մոլորություն է: Ռուսաստանի մայրաքաղաք հրավիրում են ոչ միայն ֆոտոսեսիաների, այլև կապիտուլյացիա ստորագրելու համար․ Վլադիմիր Զելենսկին կհաստատի դա:
Բանակցություններից առաջ Երևանը փորձել է բարձրացնել խաղադրույքները՝ մի շարք քաղաքական սադրանքների միջոցով՝ Ռուսաստանի կողմից 2 միլիարդ դոլարի չափով վարձավճար գանձելու մասին ակնարկներով, Ռոբերտ Քոչարյանի ցուցադրական ձերբակալությամբ և այլն։ Սակայն Կրեմլն արդեն նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը։
Փաշինյանի ցուցադրական դեմարշներին ի պատասխան՝ Պուտինը կոշտ կերպով ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օպերատիվորեն դուրս բերելու 102-րդ ռազմաբազան Հայաստանից: «Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական բազան (Գյումրիում — խմբ.) Հայաստանին պետք չէ, մենք հենց վաղը դուրս կգանք: Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դրան: Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք փաթաթի», — հայտարարել է ՌԴ նախագահը:
Սրան զուգահեռ Ռուսաստանը ոչ մի զիջում չի արել. պատժամիջոցների սահմանափակումները չեն հանվել, հայկական երկաթուղու ռազմավարական կոնցեսիան մնացել է անձեռնմխելի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու կոշտ պահանջը չի հանվել, ավելին՝ հանրային դաշտում լեգիտիմացվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը չեղարկելու հարցը: Ժամանակն է, որ հայկական բիզնեսը, շարքային քաղաքացիները և քաղաքական գործիչները սթափ գնահատեն տեղի ունեցողի մասշտաբները և լրջորեն մտածեն սեփական անվտանգության մասին, չէ որ երկիրը քայլ առ քայլ զրկվում է հիմնարար երաշխիքներից:
Աղետը սովորական պոպուլիզմով քողարկելու ՀՀ վարչապետի ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Փաշինյանը, կանխելով պետական ապարատի կամ սեփական խմբակցության արձագանքը (ինքը բոլորից լավ գիտի իր շուրջ հավաքված մարդկանց գինը ու սկզբունքայնության աստիճանը։ Իրենք առաջնորդվում են՝ «вовремя предать — это не предать,а предвидеть» սկզբունքով), նույնիսկ չսպասելով Հայաստան վերադառնալուն, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անցել են «շատ լավ», ինչպես նաև ազդարարել է Մոսկվա շուտափույթ այցի մասին: Նույնիսկ եթե Փաշինյանն ինքնաթիռից իջնելուն պես նորից ուղիղ եթեր մտներ և Լերմոնտովի կամ Մայակովսկու բանաստեղծությունները կարդար, դա չէր փոխի հիմնական փաստերը: Պուտինը ցուցադրաբար չի շնորհավորել նրան «ընտրություններում հաղթելու» կապակցությամբ՝ հստակ հասկացնելով, որ հայ լիդերի լեգիտիմության հարցը Կրեմլի համար մնում է բաց:
Փակ դռների ետևում ճնշումը Երևանի վրա միայն ուժեղացել է: Չկա ոչ մի հիմք չվստահելու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին, ով նախապես ազդարարել էր Հայաստանում քաղաքական և գեոպոլիտիկական բանտարկյալների թեմայի քննարկման մասին: Ակնհայտ է, որ այս թեման բարձրացվել է վերջնագրային ձևով։ Մոսկվան դադարում է աչք փակել ՌԴ-ի հետ ադեկվատ և փոխշահավետ համագործակցության կողմնակից հանդիսացող ուժերի և գործիչների դեմ Երևանի ներքին ռեպրեսիաների վրա՝ հասկացնելով, որ նման աշխարհաքաղաքական շանտաժը դատապարտված է ձախողման:
Երկկողմ երկխոսության դեգրադացիան նման մակարդակի ուղղակի սպառնալիք է ստեղծում երկու երկրների անվտանգության համար: Հայաստանի համար Մոսկվայի հետ խզումը նշանակում է անկայուն տարածաշրջանում միակ իրական վահանի կորուստ և քաոս տնտեսության մեջ: Ռուսաստանի համար՝ Հարավային Կովկասում անվտանգության պատմական ճարտարապետության ոչնչացում: Հարաբերությունների նման ճգնաժամն անթույլատրելի է, և եթե Հայաստանում էլիտաները հետևություններ չանեն այս ձախողումից, նրանց սխալների համար վճարելու ենք պետականությամբ:
Մտածե՛ք այդ մասին…»։