Ինչ կապ ունեն ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանն ու «Գաջի գործարան»-ի նոր սեփականատերը
03 Սեպտեմբերի 2026, 13:13
«Գաջի գործարանի» սեփականատեր 50-ամյա Արմեն Քալանթարյանը, պարզվում է, սկանդալային օֆշորային գործով ունեզրկված Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբոր որդին է (ընտանիքում երկու ազգանուն ունեն. խմբ․)։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Օրերս դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Գաջեգործ» ՓԲԸ-ի՝ (ներկայում՝ ԲԲԸ. խմբ․) 1997 թվականի սեփականաշնորհման գործարքը։
Թերթը գրում է, որ «Գաջեգործը» նախկինում պատկանել է Փայլակ Հայրապետյանին, այժմ պատկանում է Հայրապետյանի եղբոր` Քալանթարյանների ընտանիքին։
Քալանթարյանների ընտանիքի անունը ժամանակին կապվում էր Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ․ Միշա Հայրապետյանի (ինքնասպանություն գործած. խմբ․) դուստրը նախկինում ամուսնացած է եղել Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի («Գոնսալես» մականունով. խմբ․) հետ։
«Այս ընտանիքի մյուս դուստրն էլ ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող». խմբ․) կինն է: Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքը իշխանամետ գործարարների ճամբարից է, նրանք ընդդիմադիր շրջանակների հետ առնչություններ չունեն»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը 7 եղբայրներից մեկն է, ում պատկանում էր Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աերացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «BMW» խանութների ցանցը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման և այլն։ Ըստ բաց աղբյուրների՝ Փայլակ Հայրապետյանը 2011 թվականին գրավադրել է իր ընկերությունները Ամերիաբանկում՝ ստացած 10 700 000 ԱՄՆ դոլարը տրամադրելով գործարար Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում ադամանդի գործ հիմնելու նպատակով։ Չկատարելով վարկային պարտավորությունները՝ Աշոտ Սուքիասյանը նախընտրել է փախչել՝ կանգնեցնելով Փայլակ Հայրապետյանին սնանկության եզրին։
«Հետքը» պարզել էր, որ Աշոտ Սուքիասյանի` Կիպրոսում գրանցված ընկերությունն ուներ ևս երկու բաժնետեր, ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Աշոտ Սուքիասյանը 2014 թվականի հունիսի 18-ին Հայաստանի գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարել էր, թե ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր ոտնձգություններից։