ՀՀ–ն ՌԴ–ի վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չունի ու չի էլ ունեցել. Փաշինյան

03 Սեպտեմբերի 2026, 13:39

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը երբևէ մտադրություն չի ունեցել ու հիմա էլ չունի վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

«Մենք մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին և տեսնում ենք, որ հիմա նրանք ՀՀ զբոսաշրջային առավելություններն առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։ Հայաստանի հանրությունն էլ մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում իրենց կարծես թե վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք։ Նման բան մեր մտքով երբևէ չի էլ անցել»,- ասաց Փաշինյանը։

Նշենք` Զախարովան այսօր հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ կլինի: Նա ընդգծել է, որ այս որոշումը կազդի նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնց բազմաթիվ հարազատներ ապրում են Հայաստանում։

Հիմա եթերում