Մեծ Բրիտանիան տեղյակ չէ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին

23 Օգոստոսի 2023, 17:41

Քաղաքականություն

Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին։

Այս մասին հայտնել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, որը ներկայացնում ենք առանց խմբագրման։

Հարց․ Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։

Պատասխան․ Միացյալ Թագավորությունը (ՄԹ) շարունակում է խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակվող խափանումների կապակցությամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմանն ու ծառայությունների մատուցմանը՝ հումանիտար հետևանքներ առաջացնելով տեղի բնակչության համար:

Ուստի շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի որոշումը հարգվի՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով:

ՄԹ-ն տեղյակ չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին: