Սևանա լիճ է բաց թողնվել 130,000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ
13 Մայիսի 2023, 14:50
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսությունում: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարարը Գեղարքունիքի մարզպետի, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, «Սևան» ազգային պարկի ղեկավարի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ու «Սևանի իշխան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ մասնակցել է մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 130,000 հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձկան լիճ բացթողնմանը:
ՀՀ Կառավարությունն` ի դեմս շրջակա միջավայրի նախարարության ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել լճի ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։
Նախարարը «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներին հանձնարարել է հետևողականություն դրսևորել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։
Այցը շարունակվել է գործարանի տարածքում շրջայցով, որտեղ նախարարը տեղում ծանոթացել է առկա հզորություններին և հնարավորություններին, ապա տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և գործարանի հզորությունների լիարժեք իրացմանը: