Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է

12 Սեպտեմբերի 2026, 23:00

Հայեր

Մի հզոր երկրի ղեկավար մյուս հզոր երկրի ղեկավարին նվիրում է ռուսերեն գիրք, որը թարգմանել է հայը. Sputnik Արմենիայի հետ զրույցում արևելագետ, Հնդկաստանի մասնագետ, գրող, թարգմանիչ Նաիրա Մկրտչյանն այսպես է բնորոշել իր թարգմանած գրքի շուրջ տեղի ունեցած համաշխարհային մասշտաբի իրադարձությունը։

Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը մեր հայրենակից Նաիրա Մկրտչյանն է։

«Երբեք մտքով չէր անցնի, որ իմ թարգմանած գիրքը մի հզոր երկրի ղեկավար կնվիրի մյուս հզոր երկրի ղեկավարին»,– ասում է նա։

Տեղի ունեցածի մասին Նաիրա Մկրտչանին հայտնել է կոլեգաներից մեկը` հեռախոսով։
Վերհիշելով կատարած աշխատանքը` Մկրտչյանը նշում է, որ գրքի թարգմանության ամբողջ ընթացքում իրեն ուղեկցել էր այն զգացումը, որ արդյունքը պետք է իդեալական լինի։

«Ամեն էջի վրայով երևի 5 անգամ անցել եմ, որ հանկարծ ինչ-որ սխալ բան չլինի, որ կատարյալ լինի թարգմանությունը։ Գիրքը երկտողերով է գրված, բաղկացած է 1330 երկտողից. 1-ին տողում անպայման 4 բառ է, 2-րդում` 3 բառ։ Գիրքը բաժանված է 3 մասի 1-ին–ը կոչվում է «Արամ», որը նշանակում է բարություն, առաքինություն, ճիշտ ապրելակերպ, մարդու բարոյական կատարելագործում։ 2-րդ մասը արդեն հասարակության, պետության, իշխանության, արդար կառավարման և դիվանագիտության մասին է։ 3-րդ մասը սիրո մասին է և մարդկային զգացմունքների»,– պատմում է թարգմանիչը։

2000 տարի առաջ թամիլերենով գրված «Տիրուկկուրալը» համարվում է համամարդկային գրական արժեք, քանի որ, ինչպես մեր զրուցակիցն է նշում, նրա պատգամները չեն սահմանափակվում որևէ կրոնով կամ համայնքով, այնտեղ խոսում է ճշմարտության, բարության, ինքնատիրապետման մասին։

«Բնագիրը թամիլերեն է, բայց ես թամիլերեն չգիտեմ։ Հետևաբար ինձ տվեցին այս գրքի անգլերեն թարգմանությունը։ Զգում էի, որ այն ինչ-որ իմաստով սխալ է, ինչ–որ բան այն չէ, դրա համար անգլերեն այլ թարգմանություններ էլ եմ նայել, Խորհրդային Միության ժամանակվա ռուսերեն թարգմանություն էլ կա, դա էլ եմ նայել, ֆրանսերեն թարգմանությունն եմ նայել։ Մի խոսքով` այդքան աղբյուրներ ուսումնասիրելով, ես վերջապես ստեղծել գրքի և՛ ռուսերեն, և՛ հայերեն տարբերակները, և հուսով եմ, որ ճիշտ է ստացվել»,– ասում է Մկրտչյանը։

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինին նվիրելու համար Նարենդրա Մոդին ընտրել հենց «Տիրուկկուրալը», Նաիրա Մկրտչյանը պատասխանում է. «Չնայած այս գիրքը 2000 և ավելի տարեկան է, բայց այն, ինչի մասին դրանում խոսվում է, հիմա էլ շատ ակտուալ է։ Կարդում ենք և տեսնում, որ թե որքան ժամանակակից են գրքում ներկայացված բազմաթիվ հասարակական և քաղաքական գաղափարներ։ Տեխնոլոգիաները փոխվում են, պետությունները փոխվում են, բայց մարդիկ, խնդիրները չեն փոխում։ Գիրքը սովորեցնում է` ինչպես ապրել ճիշտ, ում վստահել, ինչպես ղեկավարել, ինչպես վերաբերվել ուրիշներին, ինչպես սիրել, ինչպես չկորցնել մարդկայնությունը։ Այսինքն` այն համամարդկային արժեքների մասին է»։

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը նախանշված է հաջորդ շաբաթ, Հնդկաստանի Թամիլ Նադուի Չեննայ քաղաքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիմա եթերում