Հայազգի երկու եղբայրները Գլենդեյլում փրկել են այրվող ծերանոցի բնակիչներին
13 Սեպտեմբերի 2026, 13:40
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի Mountain Street-ի 1800-րդ թաղամասում գտնվող ծերանոցում անցյալ ուրբաթ հրդեհ է բռնկվել։ Երբ շենքը լցվել է թանձր ծխով, օգնության են հասել 20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայրը՝ Նարեկը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Շենքում այդ պահին եղել է ութ մարդ՝ երկու բուժքույր և վեց տարեց բնակիչ, որոնցից շատերը չեն կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։ Առանց երկմտելու՝ եղբայրները մտել են այրվող շենք և մարդկանց մեկ առ մեկ դուրս բերել անվտանգ տարածք։
Վերջին տարեց բնակչին տարհանելուց անմիջապես հետո շենքում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ պայթել է թթվածնի բալոն։
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են հրդեհը։ Տուժածներից յոթը թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
«Երբ տեսնում ես, որ մարդիկ օգնության կարիք ունեն, բնազդաբար ցանկանում ես օգնել։ Այդ պահին չես մտածում՝ ով է դիմացինդ։ Մենք այստեղ իսկապես շատ համախմբված համայնք ունենք»,- պատմել է Ալեքսը։
Նարեկը նույնպես ընդգծել է փոխօգնության կարևորությունը․ «Եթե տեսնում ես, որ որևէ մեկն օգնության կարիք ունի, պետք է անես հնարավոր ամեն ինչ»։