Գեորգի Ֆրանգուլյանը կերտել է Կիրիլ Լավրովի հուշարձանը

17 Սեպտեմբերի 2026, 00:20

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և քաղաքի պատվավոր քաղաքացի Կիրիլ Լավրովի հուշարձանը։ Հուշարձանը տեղադրվել է Պետրոգրադյան շրջանում՝ Չկալովսկի պողոտայի և Օրանիենբաումյան փողոցի խաչմերուկում՝ այն տան հարևանությամբ, որտեղ ժամանակին ապրել է դերասանը։

Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Գեորգի Ֆրանգուլյանն է։ Նա խոստովանել է, որ հուշարձանը ստեղծելու առաջարկն իր համար անսպասելի էր, սակայն կարճ ժամանակ անց համաձայնել է աշխատել նախագծի վրա՝ ճարտարապետ Օլեգ Խարչենկոյի հետ համատեղ։ Աշխատանքները տևել են մոտ վեց ամիս։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել Կիրիլ Լավրովի ծննդյան 101-րդ տարեդարձին ընդառաջ։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ հուշարձանը հնարավոր է եղել տեղադրել հենց այդ նշանակալի օրվա կապակցությամբ, և ընդգծել է.

«Հուշարձանը լավ է ստացվել։ Եվ Կիրիլ Լավրովն այստեղ իսկական է»։