Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Շևան Բասմաջյանին կպարգևատրի «Սթիվ Արթինյան․ հեռատես գործիչ» մրցանակով

18 Սեպտեմբերի 2026, 09:15

Հայեր

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանը (ANCA-WR)  Շևան Բասմաջեանին կպարգեւատրի կազմակերպության 2026 թվականի «Սթիվ Արթինյան․ հեռատես գործիչ» մրցանակով։ Պարգևը նրան կհանձնվի ամենամյա հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը տեղի կունենա կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, Լոս Անջելեսի «Թաղլյան» համալիրում։
«Շևան Բասմաջյանը Տեխասում ստեղծել է հազվադեպ հանդիպող մի բան՝ համաժողովրդական շարժում, որը Հայ դատի անունից խոսում է մեկ միասնական ձայնով»,— հայտարարել է ANCA-WR-ի տնօրենների խորհրդի նախագահ Օշին Հարությունյանը։ «Կրթության ոլորտում նրա անխոնջ աշխատանքը՝ Տեխասի Կապիտոլիումի դահլիճներից մինչև նահանգի տարբեր դպրոցների դասասենյակներ, հենց այն տեսլականի մարմնավորումն է, որի առաջխաղացմանը Սթիվ Արթինյանը նվիրել էր իր կյանքը»։
Բասմաջյանի շահերի պաշտպանության գործունեությունը շարունակում է իր մոր՝ Էնի Գրեհեմի (Գոստանյան) փոխանցած ժառանգությունը։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհին դստեր մեջ դեռ մանկուց սերմանել է Հայ դատի նկատմամբ պատասխանատվության զգացում։ 2017 թվականին Բասմաջյանը, որպես ANCA Texas-ի ներկայացուցիչ, Տեխասի Կապիտոլիումում վկայություն է տվել՝ ի պաշտպանություն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, որն ընդունվել է միաձայն։ Վերջերս նա համախմբել է Տեխասի հայերին՝ մասնակցելու նահանգի Կրթության խորհրդի՝ ուսումնական ծրագրերի փոփոխություններին նվիրված լսումներին և հանդես գալու Հայոց ցեղասպանությունն ուսումնական ծրագրում ընդգրկելու օգտին։
«Արդարության հասնելու ճանապարհին ինքնաբավ հանգստությունը տարբերակ չէ։ Մենք մեր գոյությամբ պարտական ենք Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր խիզախ ու տոկուն հայրենակիցներին»,— ասել է Բասմաջյանը։ «Ապագա ցեղասպանությունները կանխելու և մեր հայրենիքը պաշտպանելու համար մենք պետք է դասեր քաղենք անցյալից։ Ես խորապես համոզված եմ, որ մեր ուժը միասնական պայքարի մեջ է»։
Դալասի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցու անունից Բասմաջյանը ղեկավարել է Տեխասի պատմական հանձնաժողովի կրթական դրամաշնորհային երկու ծրագիր, որոնք իրականացվել են Տեխասի Հոլոքոստի, ցեղասպանությունների և հակասեմականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի միջոցով։