Ռազմական խորհրդական, վարչապետ և ակադեմիկոս․ Ֆադեյ Սարգսյան

18 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

Գիտնական Ֆադեյ Սարգսյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում։ 1940 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ պատերազմի տարիներին ուսումը շարունակել է Լենինգրադի Ս. Մ. Բուդյոնու անվան ռազմական էլեկտրատեխնիկական կապի ակադեմիայում, որը գերազանցությամբ ավարտել է 1946 թվականին։ Դեռևս ուսանողական տարիներին նա դրսևորել է իրեն որպես տաղանդավոր ինժեներ՝ արժանանալով Ստալինյան կրթաթոշակի և ստանալով ռադիոլոկացիայի մասնագետի որակավորում։

1946-1958 թվականներին Սարգսյանն աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության Գլխավոր հրթիռահրետանային վարչության Գիտատեխնիկական կոմիտեում՝ զբաղվելով ռադիոլոկացիոն համակարգերի մշակմամբ։ Նա մասնագիտական ճանապարհը սկսել է որպես ինժեներ և հասել բաժնի պետի պաշտոնին՝ մասնակցելով նորագույն տեխնոլոգիաների ստեղծմանը։ Կորեական պատերազմի տարիներին նա գործուղվել է Չինաստան՝ որպես ռազմական խորհրդական։

1963 թվականին Սարգսյանը ղեկավարել է Երևանի գիտահետազոտական մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը (ԵրԳՀՄՄԻ), որտեղ գլխավորել է կառավարման ավտոմատացված համակարգերի և հաշվողական տեխնիկայի մշակման աշխատանքները։ Նրա ղեկավարությամբ ինստիտուտը դարձել է խորհրդային էլեկտրոնիկայի առաջատար գիտական կենտրոններից մեկը։ 1974 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1977 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

1977 թվականի հունվարից մինչև 1989 թվականի հունվար Ֆադեյ Սարգսյանը զբաղեցրել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնը։ Այդ տարիներին նա ղեկավարել է արդյունաբերության, գիտության և կրթության զարգացմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին։

Պաշտոնը թողնելուց հետո Սարգսյանը շարունակել է գիտական գործունեությունը, իսկ 1993 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2006 թվականը։

Գիտնականը ռադիոտեղորոշման, ռադիոէլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառում ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ է։ Նրա աշխատությունների զգալի մասը ԽՍՀՄ-ում հրատարակվել է փակ, սահմանափակ հասանելիությամբ հրատարակություններում, սակայն դրանք կարևոր ներդրում են ունեցել պաշտպանական տեխնոլոգիաների և կառավարման համակարգերի զարգացման գործում։

Իր գործունեության համար 1971 և 1981 թթ․ Ֆադեյ Սարգսյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների, իսկ 1986 թվականին Ուկրաինայի պետական մրցանակի։ Նա բազմիցս ընտրվել է Հայաստանի և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների պատգամավոր, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Ֆադեյ Սարգսյանը մահացել է 2010 թվականի հունվարի 10-ին Երևանում։ Նրա անունը հավերժ մնացել է պատմության մեջ՝ որպես 20-րդ դարի հայ մեծագույն գիտնականներից և պետական գործիչներից մեկը, որն իր գործունեությամբ կարողացել է համադրել գիտությունն ու պետական կառավարումը՝ դրանք ծառայեցնելով հայրենիքին։։