Գոհար Ավետիսյան. դիմահարդարման փերին
27 Օգոստոսի 2023, 00:37
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Գոհար Ավետիսյանը ծնվել է 1993 թվականին Հայաստանում՝ Մարտունի քաղաքում։ Գոհարը փոքր երեխա էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Ապագա դիմահարդարի հայրը՝ Սմբատ Ավետիսյանը, սկսել է զբաղվել ասֆալտի բիզնեսով և բավական հաջողել։ Իսկ ահա մայրը՝ Նաիրան, ամբողջովին նվիրվել է ընտանիքին։
Գոհարը սիրում էր նկարել, սակայն ամենից շատ սիրում էր մայրկից կոսմետիկա վերցնել և շպարվել։ Արդեն դպրոցական տարիներին նա սկսել է շպարել իր ընկերուհիներին և ձևավորել նրանց հոնքերը։
Իր առաջին մեծ հարցազրույցում Գոհարը պատմել է՝ իր ծառայությունների դիմաց առաջին գումարը վաստակել է 16 տարեկանում:
Համալսարանն ավարտելուց հետո Գոհարը գրանցվել է կոսմետոլոգ-դիմահարդարների դասընթացներին՝ մոռանալով ստացած տնտեսագետի դիպլոմի մասին։ Բայց ավելի ուշ նրա կրթությունը օգնել է նրան բացել իր սեփական բիզնեսը, որն ի սկզբանե զբաղեցնում էր փոքրիկ տարածք Մոսկվայի կենտրոնում գտնվող Նիկոլսկայա Պլազայում: Այնտեղ նա լրջորեն սկսել է աշխատել իր անվան վրա և սովորեցնել այլ աղջիկների դիմահարդարում և վարպետության գաղտնիքներ:
Ավելի ուշ նա բացել է «Գոհար Ավետիսյան դպրոց-ստուդիան» և տեղափոխվել այնտեղ։ Գրեթե ամեն ամիս նրա ստուդիայից դուրս են գալիս ավելի քան 100 աշակերտուհիներ։
Ավելին, Գոհար Ավետիսյանը լայն ճանաչում է ձեռք բերել Instagram սոցիալական ցանցում և նրան հետևում է մոտ 11 մլն մարդ:
Նա բլոգ է վարում, որտեղ ցույց է տալիս իր աշխատանքը, աշակերտուհիներին, սովորեցնում է բիզնես վարել և չի մոռանում նաև հեռարձակել իր անձնական կյանքը: Գոհարին սիրում ու գնահատում են և անվանում դիմահարդարման փերի։