Էգեյան ծովում հրդեհ է բռնկվել «Blue Carrier-2» լաստանավում․ բոլոր 29 անձինք փրկվել են

25 Սեպտեմբերի 2026, 16:40

Հասարակություն

2026 թվականի սեպտեմբերի 25-ին Հունաստանի դրոշով նավարկող «Blue Carrier-2» բեռնատար լաստանավի բեռնային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:57-ին՝ Միկոնոս կղզուց հյուսիս, երբ նավը Պիրեոս–Սիրոս–Վաթի–Կոս–Հռոդոս երթուղով ուղերթ էր իրականացնում։

Լաստանավում եղել է 28 անձնակազմի անդամ և մեկ ուղևոր՝ բեռնատարի վարորդը։ Բոլոր 29 անձինք փրկարարական նավակներով լքել են նավը։ Նրանց օգնության են հասել մոտակայքով անցնող նավերը և տեղափոխել Տինոս կղզի։ Տուժածներ չկան։

Լաստանավի բեռնային պահեստներում մնացել է 166 բեռնատար և 29 մարդատար ավտոմեքենա։ Նավի սեփականատեր «Attica Group» ընկերությունը հետագա աշխատանքները վստահել է մասնագիտացված կազմակերպություններին, որոնք Հունաստանի իշխանությունների հետ համատեղ զբաղվում են լաստանավի վիճակի գնահատմամբ և ծովի աղտոտումը կանխելու միջոցառումների իրականացմամբ։

Դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության և հրշեջ ծառայության չորս նավ, ինչպես նաև հրշեջ նավակներ Սիրոսից, Լավրիոնից և Պիրեոսից։ Օդային դիտարկում իրականացնելու նպատակով դեպքի վայր է ժամանել նաև ուղղաթիռ։

Բացի այդ, լաստանավին է մոտեցել 70 մետր երկարությամբ «Aigaion Pelagos» փրկարարական քարշակ նավը, որը հագեցած է հրդեհաշիջման հզոր սարքավորումներով։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս պաշտոնապես չի պարզվել։