«Օրենքով գող» «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
25 Սեպտեմբերի 2026, 17:59
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Անդրանիկ Սողոյանին («Զապ») երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույզում հաստատել են դատարանից։
Միևնույն ժամանակ, մեկ այլ «օրենքով գողի»՝ «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գևորգ Մելիքյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանն ու Գևորգ Մելիքյանը ձերբակալվել են սեպտեմբերի 23-ին։
ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է Օշականի 56-ամյա բնակչին (նույնպես «օրենքով գող»)՝ նախկին փեսային պատժելու նպատակով։ Նույն օրը՝ ժամը 02:40-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց միջև։
Դրանից հետո նախկին փեսան, աներոջից հաշվեհարդար տեսնելու նպատակով, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, հանցագործությունն ավարտին չի հասցրել։