Նախնիների արձագանքն ու արդիականության ռիթմերը․ Սարինա Քրոսի ստեղծագործական ֆենոմենը
27 Սեպտեմբերի 2026, 22:00
Սարինա Քրոսը, իսկական անունը՝ Սարինե Սաղերյան, ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 27-ին Բեյրութում՝ հայ ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է մշակութային հարուստ միջավայրում, որտեղ հայկական ավանդույթները միահյուսվում էին արաբական և միջերկրածովյան երաժշտական մթնոլորտին։ Սարինայի հայրը երաժիշտ էր և համագործակցում էր լիբանանահայ հայտնի երգիչ Փոլ Բաղդադլյանի հետ, ինչը մեծապես ազդեց դստեր՝ երաժշտության աշխարհ մտնելու որոշման վրա։
Դեռ վաղ տարիքից Սարինան հետաքրքրված էր երաժշտությամբ, սովորում էր կիթառ նվագել և զբաղվում էր վոկալով, իսկ դեռահասության տարիներին սկսել է բեմ բարձրանալ։ Նրա տաղանդը հատկապես դրսևորվել է բազմալեզու կատարումներում․ երգչուհին ազատորեն երգում է հայերեն, արաբերեն, հունարեն, անգլերեն և այլ լեզուներով։ Սա նրան հնարավորություն է տվել ձևավորելու լայն և բազմամշակութային լսարան։
Նրա կարիերայում կարևոր շրջադարձ է տեղի ունեցել 2017 թվականի ամռանը, երբ Սարինան դարձել է Ծախուրիդիս եղբայրների համերգի հատուկ հյուրը Սալոնիկում։ Այդ համերգին նա կատարեցլ է հայկական «Բինգյոլ», «Դլե Յաման», «Աշխարհում սիրել եմ քեզ» երգերը, արաբական «Qaduka al Mayyas»-ը, ինչպես նաև հունական ստեղծագործություններ։ Նրա ելույթը մեծ ոգևորություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում և նպաստել նրա միջազգային ճանաչմանը՝ հատկապես հայկական սփյուռքում և հունական երաժշտական միջավայրում։
Այս հաջողությունից հետո երգչուհին ակտիվորեն շարունակել է զարգացնել իր կարիերան՝ ներկայացնելով մի շարք սիրված նախագծեր, այդ թվում՝ «Armenian Popurri» և «Ballad Medley», ինչպես նաև «Krima» և «Էն ուրիշ» սինգլները, որոնցից վերջինը նա կատարել է Արման Հովհաննիսյանի հետ։ 2024 թվականին նա ներկայացրել է նաև «Սեր ես ինձ տալիս» ստեղծագործությունը։ Նրա տեսահոլովակներն ու ձայնագրությունները YouTube-ում և Spotify-ում հավաքում են միլիոնավոր դիտումներ և ունկնդրումներ։
Սարինա Քրոսը պարբերաբար հանդես է գալիս հայկական խոշոր մշակութային միջոցառումներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում անցկացվող Նավասարդյան խաղերի շրջանակում, ինչպես նաև համերգային շրջագայություններ է իրականացնում Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Նրա երաժշտական ոճում հայկական ավանդական մոտիվները միաձուլվում են ժամանակակից փոփ երաժշտության տարրերին՝ ձևավորելով ինքնատիպ հնչողություն, որը միավորում է տարբեր մշակույթներ։
Այսօր Սարինա Քրոսը համարվում է հայկական երաժշտական սփյուռքի վառ ներկայացուցիչներից մեկը՝ ազգային ինքնությունը արվեստի միջոցով պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու խորհրդանիշ։ Նրա ստեղծագործությունը յուրօրինակ կամուրջ է Հայաստանի, Լիբանանի, Հունաստանի և աշխարհի միջև, իսկ բազմալեզու երգերը արտացոլում են այն հարուստ մշակութային ժառանգությունը, որը նա ներկայացնում է միջազգային բեմում։