Տեխասում գրանցված ընկերությունը ձեռք է բերել Թեղուտի հանքավայրի 100% բաժնետոմսերը
28 Սեպտեմբերի 2026, 12:15
Հայաստանում պաշտոնապես հաստատվել է «Թեղուտ» ՓԲԸ-ի սեփականատիրոջ փոփոխությունը։ Թեղուտի պղնձի հանքավայրի 100% բաժնետոմսերն այժմ պատկանում են ԱՄՆ Տեխաս նահանգում գրանցված «Dynamic Frontier Holdings» ընկերությանը։
Գործարքը Հայաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հավանությանն էր արժանացել դեռևս հուլիսին, իսկ սեպտեմբերի 3-ին ընկերությունը հայտնել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից վերջնական թույլտվության ստացման մասին։ Նախկին հիմնական բաժնետերը պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ՎՏԲ բանկն էր։
Գործարքի առանցքային դեմքը ֆինանսիստ Կոնստանտին Սոկոլովն է։ Նա «Dynamic Frontier»-ի մենեջերն է և ղեկավարում է TRIPP-ի հետ կապվող TRIPP+ վենչուրային հիմնադրամը։
Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնում հիմնադրամը դիտարկվում է որպես TRIPP և «Միջին միջանցք» ենթակառուցվածքների ֆինանսավորման հնարավոր գործիք։ Սոկոլովը նաև Դոնալդ Թրամփի մասնավոր աջակիցներից է։