«Այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են». Լևոն Քոչարյանն մանրամասներ է հայտնել ԵԽԽՎ զեկույցից

28 Սեպտեմբերի 2026, 18:34

Հայեր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցին։

Պատգամավորի խոսքով՝ փաստաթղթում տեղ են գտել մի շարք առանցքային արձանագրումներ, որոնց մասին ընդդիմությունը մշտապես բարձրաձայնել է։

«Շատ հետաքրքիր դրույթներ կային։ Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր զեկույցում։ Նկարագրված էին նաև իշխանությունների կողմից նախընտրական շրջանում ստեղծված անհավասար պայմանները, վարչական ռեսուրսների բացահայտ կիրառումն ու քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները»,- նշել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն հերքում էին ընդդիմության հնչեցրած մեղադրանքները, ԵԽԽՎ զեկույցում այդ մտահոգությունները հստակ արձանագրված են։