Կորած պայուսակը՝ 2.3 միլիոն դրամով և ոսկյա զարդերով, վերադարձվել է տիրոջը

28 Սեպտեմբերի 2026, 19:00

Հասարակություն

Սեպտեմբերի 15-ին Երևանում ազնվության ու մարդկային բարձր արժեքների ուշագրավ դեպք է արձանագրվել։

Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի 59-ամյա բնակիչ Լորետա Բ.-ն։ Նա հայտնել է, որ մոտավորապես ժամը 11:20-ին Բագրատունյաց պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի նստարանին մոռացել է պայուսակը, իսկ կարճ ժամանակ անց վերադառնալով՝ այն այլևս չի գտել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ահազանգով նշված վայր ժամանած Շենգավիթի համայնքային ոստիկաններին քաղաքացին հայտնել է, որ կորած պայուսակում եղել է մոտ 2.3 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և անձնական կարևոր փաստաթղթեր։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամեր անց Լորետա Բ.-ն կրկին ահազանգել է ոստիկանություն և հայտնել ուրախալի նորությունը․ մի քաղաքացուհի, ենթադրաբար պայուսակում առկա անձնագրի տվյալներով պարզելով հասցեն, այցելել է իրենց տուն և ամբողջությամբ վերադարձրել կորցրած գույքը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ պայուսակից որևէ իր կամ դրամական միջոց չի պակասել։

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։