«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարան չանցնելը եվրոպական չափանիշների տեսանկյունից ճիշտ չէր. ԵԽԽՎ պատգամավոր
28 Սեպտեմբերի 2026, 23:00
Հայաստանի կառավարությանը անհրաժեշտ է մի շարք բարելավումներ իրականացնել։ Այս մասին Alpha News-ին հայտնել է Պորտուգալիայից ընտրված պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ և Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP/CD) խմբի ներկայացուցիչ Ռիկարդո Կարվալյուն։
«Ես չեմ կարող կարծիք հայտնել այդ հարցի վերաբերյալ, որը կարող է համարվել խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշում։ Սակայն որոշակի խնդիրներ արձանագրվել են։ Ընտրությունները շատ լավ են անցել, դրանք շատ լավ են կազմակերպվել։ Մեր տեսանկյունից՝ լուրջ խնդիրներ չեն եղել։ Որոշ խնդիրներ կապված են եղել առանձին ընտրատեղամասերի հետ։ Մենք կարծում էինք, որ այդ ընտրատեղամասերում պետք է ընտրությունները կրկնվեն։
Սակայն ես չեմ կարող կարծիք հայտնել այն մասին, թե ինչ է տեղի ունենում այլ քաղաքական առաջնորդների հետ։ Այո՛, բևեռացումը փաստ է։ Հենց այդ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու իրավունքի գերակայությունը և ինստիտուտների անկախությունը, նվազեցնելու քաղաքական կուսակցությունների միջև բևեռացվածության մակարդակը և բոլոր քաղաքական կուսակցություններին լրատվամիջոցներում իրենց խոսքը ներկայացնելու հնարավորություն տալու համար։
Այսպիսով, կան մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել և որոնք պետք է բարելավել։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը գտնվում է դեպի Եվրոպա տանող ճիշտ ուղու վրա։ Միաժամանակ մենք գիտենք, որ տարածաշրջանում շարունակում են պահպանվել լարվածությունները։
Այս պայմաններում Եվրոպական միությունը կարևոր դեր է խաղում՝ ստեղծելու բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի Հայաստանը կարողանա նվազեցնել իր կախվածությունը տարածաշրջանի որոշ այլ երկրներից։
Կան բազմաթիվ ուղղություններ, որոնցում բարելավումներ են անհրաժեշտ։ Եվ, կարծում եմ, հնարավոր չէ այդ ամենին հասնել մեկ կամ երկու տարվա ընթացքում։ Մեզ համար կարևոր էր ապահովել տարածաշրջանի քաղաքական կայունությունն ու արդար ընտրությունների անցկացումը, թեև մեկ-երկու դրվագներ ամբողջությամբ ճիշտ չէին։ Այդ մասին նույնպես ընդգծվում է զեկույցում։
Սակայն այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը։ ԵԽԽՎ-ում մեր դերը այն հարցերի մատնանշումն է, որոնցում բարելավումների անհրաժեշտություն կա», — նշել է Կարվալյուն։
Հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան չանցնելը լուրջ խախտում չէ, և արդյոք դրանից հետո ընդունելի է ասել, որ ընտրությունները լավ են անցել, նա պատասխանել է.
«Դա մեր դերը չէ։ Կա պետություն, կան ձեր սեփական կանոններն ու ինստիտուտները։ Հետևաբար, մեր դերը գոյություն ունեցող խնդիրների մատնանշումն է։
Մեր չափանիշների տեսանկյունից սա ճիշտ չի թվում։ Հենց այդ պատճառով էլ մենք անդրադարձել ենք այդ հարցին։ Սակայն դրանից հետո մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի ուղղությամբ։ Մենք կարող ենք մատնանշել նման խնդիրները և գործադրել դիվանագիտական ջանքեր՝ փորձելով փոխել իրավիճակը։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ եվրոպական ուղուն ավելի համապատասխանելու համար, ապա կան մի շարք հարցեր, որոնց արդեն անդրադարձել ենք։ Ինչպես նշեցի, խոսքը լրատվամիջոցների հասանելիության մասին է, ինչպես նաև արդարադատության ոլորտում կանոնների և օրենսդրության էական բարելավման անհրաժեշտության մասին, որպեսզի դրանք համապատասխանեն մեր չափանիշներին։
Այսպիսով, դեռ շատ աշխատանք կա անելու։ Կարծում եմ՝ երկիրը գտնվում է ճիշտ ուղու վրա։ Իհարկե, այդ ճանապարհը կատարյալ չէ։ Սակայն բարելավումների մեծ հնարավորություն կա, իսկ մեր դերը հենց այդ բարելավումներին աջակցելն է»։