«Ուրալմաշ»-ից մինչև Հայաստանի ազգային հերոս․ Նիկոլայ Ռիժկովի կյանքի ուղին

28 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 28-ին Ուկրաինական ԽՍՀ Արտյոմովսկի շրջանի Դիլեևկա գյուղում՝ հանքագործի ընտանիքում։ Նրա պատանեկությունն անցել է պատերազմի ծանր տարիներին։ Ստացած ինժեներական կրթությունն ու աշխատանքային փորձը հետագայում կարևոր դեր են ունեցել նրա մասնագիտական ուղու ձևավորման գործում։

1959 թվականին նա ավարտել է Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտը և իր աշխատանքային գործունեությունը սկսել «Ուրալմաշ» գործարանում՝ աստիճանաբար հասնելով միավորման գլխավոր տնօրենի պաշտոնին։

1970-ական թվականներին Ռիժկովը ներգրավվել է պետական կառավարման համակարգում՝ զբաղեցնելով պաշտոններ ԽՍՀՄ Պետական պլանավորման կոմիտեում և ԽՄԿԿ Կենտկոմում։ 1985 թվականին նա նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ։ Ռիժկովը պաշտպանել է Միխայիլ Գորբաչովի վերակառուցման քաղաքականությունը, սակայն հանդես էր գալիս տնտեսական փոփոխությունների աստիճանական իրականացման օգտին։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Նիկոլայ Ռիժկովը ակտիվորեն ներգրավվեց Հայաստանում աղետի հետևանքների վերացման աշխատանքներում։ Աղետի հետևանքով մեծ ավերածություններ գրանցվեցին Սպիտակում և հարակից բնակավայրերում։։ Ռիժկովն անձամբ է գլխավորել աղետի հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովը։ Նա բազմիցս այցելել է Հայաստան, համակարգել փրկարարական աշխատանքները, բնակելի շենքերի կառուցումն ու ենթակառուցվածքների վերականգնումը։

Նրա մասնակցությունը զուտ պաշտոնական բնույթ չէր կրում․ նա գտնվում էր աղետի վայրում, շփվում էր բնակիչների հետ և տեղում որոշումներ էր ընդունում լայնածավալ օգնություն կազմակերպելու վերաբերյալ։ Նրա ղեկավարությամբ կարճ ժամանակում հնարավոր է եղել մոբիլիզացնել ամբողջ Խորհրդային Միության ռեսուրսները, ինչպես նաև կազմակերպել միջազգային օգնության ներգրավումը։

Հայաստանում աղետի հետևանքների վերացման գործում ունեցած ավանդի համար 2008 թվականին Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը։

Որպես Խորհրդային Միության կառավարության ղեկավար՝ նա ղեկավարել է նաև Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքները։ 1991 թվականի հունվարին, սրտամկանի ինֆարկտից հետո, նա լքել է պաշտոնը։

Հետագայում Ռիժկովը մասնակցել է 1991 թվականի ՌԽՖՍՀ նախագահի ընտրություններին, ընտրվել Պետական դումայի պատգամավոր, ապա դարձել Բելգորոդի մարզը ներկայացնող սենատոր։ 2019 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի կոչումը։

Ռիժկովի գործունեությունը համընկել է Խորհրդային Միության պատմության կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջանի հետ։ ։ Նրա գործունեությունն առանձնանում էր մի կողմից՝ բարեփոխումների ու տնտեսական փոփոխությունների, մյուս կողմից՝ պետական համակարգում կայունությունը պահպանելու ձգտմամբ։ Նրա անունը կապված էր նաև ԽՍՀՄ պատմության վերջին տարիների ճակատագրական որոշումների հետ։

Նիկոլայ Ռիժկովը մահացել է 2024 թվականի փետրվարի 28-ին Մոսկվայում։

Հիմա եթերում