Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 160 մարդ է ձերբակալվել
29 Սեպտեմբերի 2026, 11:00
Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում 164 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ին։
Փարիզի տարածաշրջանի ավագ դպրոցականներն արդեն մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են անցկացնում իրենց դպրոցների մոտ՝ դժգոհելով ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթական ոլորտի այլ խնդիրներից։
Որոշ դեպքերում ակցիաները վերածվել են անկարգությունների, հրկիզումների և ոստիկանների հետ բախումների։
Նունյեսի խոսքով՝ բողոքի ակցիաներ են անցկացվել գրեթե 180 ուսումնական հաստատությունում, որոնց մեծ մասը գտնվում է Փարիզի տարածաշրջանում: Ցույցեր են տեղի ունեցել նաև Լիլում, Լիոնում, Գրենոբլում և Նիցցայում։
Ընդհանուր առմամբ, աշակերտները փակել են 27 ուսումնական հաստատություն: Դպրոցները բացվել են միայն իրավապահների միջամտությունից հետո: Եվս մոտ 50 դպրոցում փորձ է արվել արգելափակել մուտքերը։
Նախնական տվյալներով՝ տուժել է 12 ոստիկան, 8 ուսուցիչ, այդ թվում՝ 3 տնօրեն, ինչպես նաև 12 աշակերտ։