Կեղծ և անարդար. Թուրքիայի ԱԳՆ-ն` ընտրություններին ՌԴ-ի միջամտության հայտարարության մասին
13 Մայիսի 2023, 17:25
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «անարդար և կեղծ» է անվանել թուրքական ընդդիմության պնդումները, թե Ռուսաստանը միջամտում է հանրապետության նախագահական ընտրություններին: Չավուշօղլուն այդ մասին հայտարարել է CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում, Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է «Իզվեստիան»։
Նրա խոսքով՝ երկիրը ներկայում կայունության կարիք ունի, իսկ հանրապետությունում ընտրությունները միշտ էլ թափանցիկ են եղել։
«Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերն այն մասին, թե Ռուսաստանը միջամտում է ընտրություններին, անարդար են այդ երկրի նկատմամբ։ Միջամտության մասին խոսակցությունները կեղծ են», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Երեկ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամոթանք է տվել ընդդիմության առաջնորդին նրա այն խոսքերի համար, թե իբր Ռուսաստանը միջամտել է նախընտրական քարոզարշավին։ Պետության ղեկավարն ավելացրել է, որ արևմտյան երկրները ստախոսներ են:
Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան վճռականորեն հերքում է ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուի մեղադրանքները Թուրքիայում նախագահական ընտրություններին միջամտելու վերաբերյալ:
Նա նշել է, որ Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի հետ հարաբերությունները, քանի որ Անկարան մինչ այժմ շատ պատասխանատու, ինքնիշխան և մտածված դիրքորոշում է ունեցել տարածաշրջանային խնդիրների մի ամբողջ համալիրի վերաբերյալ: