«Sodi World Series»-ի և «Play City»-ի համագործակցությունը վտանգված է. Գուրգեն Դալիբալթյան
30 Սեպտեմբերի 2026, 17:44
«Sodi World Series»-ի (SWS) և «Play City» -ի բազմամյա համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում քարտինգի հետագա զարգացման ընթացքը վտանգված են: Այս մասին ասուլիսում հայտարարել է «Play City» սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, մրցավար և արտասահմանյան մրցույթներում Հայաստանի ազգային թիմի մենեջեր Գուրգեն Դալիբալթյանը:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ներդրված հսկայական ջանքերն ու ֆինանսական միջոցներն այժմ լուրջ խոչընդոտների են բախվել, ինչի հետևանքով ոլորտի զարգացումը կանգ է առել։
«Մեր գործընթացը սկսել ենք շատ վաղուց և ծավալուն աշխատանք ենք կատարել: Մեծ ջանքերի ու ներդրումների շնորհիվ կարողացանք ձեռք բերել այն մրցարշավային մեքենաները, որոնք առանցքային նշանակություն ունեն «Sodi World Series»-ի համար և հնարավորություն են տալիս անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան մրցաշարեր: Նույն մեծ աշխատանքի արդյունքում ձեռք բերեցինք նաև համապատասխան քվոտաները:
Անցած տարի թիմային ոլորտում ունեցել ենք քվոտա, որը հատկացվում է տարածաշրջանին. Անդրկովկասի երեք երկրներին միասին հասնում էր ընդամենը մեկ քվոտա, և դա բաժին հասավ Հայաստանին: Դա 2-3 տարվա լարված աշխատանքի, ջանքերն ու ֆինանսները չխնայելու արդյունքն էր:
Այս պահին, սակայն, մեր զարգացման ընթացքը ժամանակավորապես ընդհատվել է, և ստեղծված իրավիճակը վտանգի տակ է դնում ձեռքբերումները: Ակնկալում ենք աջակցություն, որը հնարավորություն կտա վերականգնելու մեր գործունեությունն ու լիարժեք օգտվելու ստեղծված ենթակառուցվածքներից»,- նշել է Գուրգեն Դալիբալթյանը: