Կարտինգի պարապմունքների դադարեցումը լուրջ խնդիրներ է ստեղծել սաների համար․ «Փլեյ Սիթի»-ի մարզիչ

30 Սեպտեմբերի 2026, 18:30

Սպորտ

«Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում ավտոսպորտով զբաղվում են 3-4 տարեկանից։ Սաների ընդհանուր թիվը հասնում է 50-60-ի, որոնցից ավելի քան 30-ը ակտիվորեն մասնակցում են ամենօրյա պարապմունքներին։ Այս մասին ասուլիսում ասել է «Փլեյ Սիթի» զվարճանքների կենտրոնի կարտինգի մարզիչ Կարեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Փլեյ Սիթի»- ում պարապմունքների դադարեցման և դրա հետևանքով սաների առջև ծառացած խնդիրների մասին։

«Ցանկացած սպորտաձևում, եթե որոշակի ժամանակահատված ընդհատում ես պարապմունքները, հետագայում շատ թանկ է նստում ձեռքբերումները վերականգնելը։ Մեր երեխաների շրջանում կան շատ տաղանդավոր մարզիկներ, որոնք արդեն մասնակցում են արտերկրում անցկացվող հեղինակավոր մրցումների և պատվավոր տեղեր գրավում։ Բայց այս ամենին դադար տրվեց, և հիմա բոլորս սպասում ենք հետագա զարգացումներին»,- նշել է նա։

Մարզչի խոսքով՝ Հայաստանում «Փլեյ Սիթի»-ի կարտոդրոմը միակ վայրն է, որտեղ հնարավոր է իրականացնել կարտինգի պարապմունքներն ու մրցումները։

Նա նաև նշել է, որ ավտոսպորտում տարիքային սահմանափակում չկա։

«Մեր առաքելություններից մեկն է կարգապահ, անվտանգ ու գրագետ քաղաքացիներ դաստիարակել, ինչը սկսվում է հենց փոքր տարիքից։ Ամեն պարապմունքի սկզբում, ողջույնից հետո, երբ հարցնում եմ՝ «Ի՞նչ ենք մենք այստեղ սովորում», երեխաները միաձայն պատասխանում են՝ անվտանգություն, ընկերություն, կարգուկանոն, թիմային աշխատանք, և միայն դրանից հետո՝ մրցումներ։ Սա միայն սպորտ կամ հաճույք չէ, սա նաև դաստիարակություն է»,- ասել է Կարեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնի և դրա ավտոմրցուղու (կարտինգի) գործունեությունը դադարեցվել է 2026 թվականի սեպտեմբերին՝ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննչական գործողությունների պատճառով։