Էրդողանը պարտվու՞մ է ընդդիմության թեկնածուին․սոցհարցումներ

13 Մայիսի 2023, 17:40

Քաղաքականություն

Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածու։ Մայիսի 11-ին, սակայն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ վերցրեց թեկնածությունը և պայքարում մնացին 3 թեկնածու․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։

Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» [1] և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» [2] դաշինքները։

Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3] , որը նախագահի թեկնածու չի առաջադրել և կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քըլըչդարօղլուին։

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում գործող հետազոտական 10 կենտրոնի (KONDA, ORC, YÖNEYLEM, AVRASYA, MAK, AREA, ALF, METROPOLL, GENAR, SAROS) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքն ունի 43,97% վարկանիշ, «Ազգ» դաշինքը՝ 39,55% վարկանիշ, «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 11,75%։

Հետազոտական ևս թվով 12 կենտրոնի (SER-AR, ORC, MAK, AVRASYA, SAROS, ARTI BIR, KONDA, AREA, GENAR, OPTIMAR, ALF, ADA) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռ․ Էրդողանն ունի 46.15% վարկանիշ, «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Ք․ Քըլըչդարօղլուն՝ 48,83% վարկանիշ։

Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։