Մեկ ամսից ավելի՝ Լարսում «գերի» մնացած 30-40 հայ վարորդ․ վառելիքն ու սնունդը վերջացել են, կառավարությունից՝ լռություն

05 Հոկտեմբերի 2026, 19:00

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com-ին զանգահարած Հայաստանի մի շարք քաղաքացիներ ահազանգել են Լարսի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի մասին՝ իրենց բողոքն ուղղելով Հայաստանի կառավարության հասցեին։

Վարորդների խոսքով՝ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ շուրջ 30-40 հայ բեռնատար վարորդներ իրենց մեքենաներով կանգնած են Լարսի ռուսական կողմում։ Բեռնատարները բարձված են «Նոյ» կոնյակով, սակայն մինչ օրս վարորդներին որևէ հստակ ժամկետ կամ պատճառաբանություն չի ներկայացվել, թե երբ է հնարավոր լինելու շարունակել ճանապարհը։

Ստեղծված իրավիճակի հետևանքով վարորդները, ըստ իրենց, արդեն սպառել են սննդի և վառելիքի պաշարները, իսկ որոշների մոտ ավարտվել են նաև ֆինանսական միջոցները։ Նրանք ստիպված են սեփական ուժերով դիզվառելիք հայթայթել՝ գոնե մեքենաները տաքացնելու և ցրտից պաշտպանվելու համար։

Խնդիրն առավել մտահոգիչ է դառնում եղանակային պայմանների վատթարացման ֆոնին։ Վարորդները բաց երկնքի տակ օրեր շարունակ սպասում են՝ չիմանալով, թե երբ կկարողանան վերադառնալ աշխատանքի և ընտանիքներին ապահովել անհրաժեշտ միջոցներով։

SHAMSHYAN.com-ի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներից մեկը, ով, իր խոսքով, ներկայացնում էր բոլոր վարորդների ընդհանուր դիրքորոշումը, ասաց.

«Արդեն մեկ ամիս է՝ Լարսի ռուսական կողմում կանգնած ենք բեռներով։ Ոչ բեռնատարների տերերն են կարողանում գումար ուղարկել, ոչ էլ մենք ենք կարողանում նորմալ գոյատևել։ Դիզվառելիքն էլ վերջացել է։ Ստիպված գնում, բերում ենք, որպեսզի գոնե կարողանանք տաքանալ։ Չգիտենք՝ ինչ անել։

Այս պահին մոտ 30-40 բեռնատար կա կանգնած, որոնք բարձված են «Նոյ» կոնյակով։

Որևէ հստակ պատճառաբանություն չեն ներկայացնում։ Ասում են՝ սպասեք, ուղարկել ենք փորձաքննության, բայց արդեն մեկ ամսից ավելի է՝ մեզ այս վիճակում պահում են։

Այն ժամանակ նորմալ աշխատում էինք, արագ գնում-գալիս էինք, իսկ հիմա չենք կարողանում աշխատել։ Մենք մեր տները, մեր ընտանիքները ինչպե՞ս պահենք։

Դիմում ենք կառավարությանը, սակայն տպավորություն է, որ առաջնորդվում են՝ «էլ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով։ Իսկ էկոնոմիկայի նախարարը, եթե թողնես, միայն իր գովքն է անում՝ սազանդարի նման։

Արդեն ո՛չ այդ նախարարից, ո՛չ էլ արտգործնախարարից հույս ունենք, որ մի բան կանեն։ Չի բացառվում, որ հենց իրենք էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություն են փոխանցում՝ ասելով, թե ամեն ինչ կարգին է։

Մենք հավատացած ենք, որ եթե վարչապետը իրական իրավիճակի մասին իմանա, հնարավոր է՝ մեր խնդիրը ոչ թե ամիսների կամ օրերի, այլ ժամերի ընթացքում լուծվի»։

Վարորդները շարունակում են սպասել խնդրի հանգուցալուծմանը՝ միաժամանակ մտահոգվելով իրենց անվտանգության, կենցաղային պայմանների և ընտանիքների ֆինանսական ապահովության հարցերով։

Մնում է սպասել՝ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունները, ի վերջո, ինչ քայլեր կձեռնարկեն՝ այս մարդկանց ավելի քան մեկ ամիս ձգվող խնդիրը լուծելու ուղղությամբ։