«Անորսալի վրիժառուներից» մինչև «Հուսո աստղը». Էդմոնդ Քեոսայանի կինեմատոգրաֆիական էպոսը
09 Հոկտեմբերի 2026, 22:00
Ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1937 թվականին նրա հայրը ենթարկվել է բռնաճնշումների, իսկ մայրը երեխաների հետ աքսորվել է Ալթայ։ Պատերազմի ավարտից հետո ընտանիքը վերադարձել է Երևան։ Պատանի Էդմոնդը աշխատել է ժամացույցների գործարանում, ապա սովորել Մոսկվայի տնտեսական ինստիտուտում (1954–1956 թթ.) և Երևանի թատերական ինստիտուտում (1956-1958 թթ.)։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը։
Նրա առաջին ուսանողական ֆիլմերը մեծ հետաքրքրություն են առաջացրել։ «Սանդուղք» (1962 թ.) ֆիլմը Մոնտե Կառլոյում արժանացել է Գրան պրիի, իսկ «Երեք ժամ ճանապարհին» (1963 թ.) ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի մրցանակի։ 1965 թվականին «Մոսֆիլմ»-ում նա նկարահանել է «Խոհարարուհին» քնարական կատակերգությունը, որտեղ նոր ու վառ կերպարներով հանդես են եկել Սվետլանա Սվետլիչնայան և Վլադիմիր Վիսոցկին։
Քեոսայանին իսկական համբավ է բերել «Անորսալի վրիժառուները» (1966 թ.) ֆիլմը, որը Պավել Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վիպակի էկրանավորումն էր։ Քաղաքացիական պատերազմի տարիներին գործող պատանի հերոսների մասին այս ֆիլմը դարձել է խորհրդային կինոյի պաշտամունքային ստեղծագործություններից մեկը՝ ունենալով նաև շարունակություն՝ «Անորսալիների նոր արկածները» (1968 թ.) և «Ռուսական կայսրության թագը, կամ կրկին անորսալիները» (1971 թ.)։ Այս ֆիլմերը մտել են խորհրդային կինոյի ոսկե ֆոնդ, իսկ Յան Ֆրենկելի և Բորիս Մոկրոուսովի հեղինակած երգերը դարձել համաժողովրդական հիթեր։
1970-ականներին Քեոսայանն անդրադարձել է հայկական թեմատիկային՝ աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ նկարահանված «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975 թ.) դրաման Կատանիայի միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին, իսկ Կահիրեի միջազգային կինոփառատոնում՝ ժյուրիի հատուկ մրցանակին։
Հաջորդը Սերո Խանզադյանի վեպի հիման վրա նկարահանված «Հուսո աստղը» (1978 թ.) պատմական երկմասանոց ֆիլմն էր՝ նվիրված Մխիթար Սպարապետի գլխավորությամբ օսմանյան նվաճողների դեմ հայերի մղած պայքարին։
1980-ականներին ռեժիսորը կրկին աշխատել է «Մոսֆիլմ»-ում՝ նկարահանելով «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը…» (1982 թ.) ֆիլմը՝ Դիմադրության շարժման մասին, և «Համբարձում» (1989 թ.)՝ ինքնակենսագրական դրաման, որն առանձնահատուկ նշանակություն ուներ Քեոսայանի համար։ Ֆիլմը պատմում է հետպատերազմյան հայկական գյուղի, բռնաճնշումների ու պատերազմի միջով անցած մարդկանց ճակատագրերի մասին։
Էդմոնդ Քեոսայանը եղել է ԽՄԿԿ անդամ 1963-1991 թվականներին։ 1976 թվականին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 1987 թվականին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1968 թվականին նա արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի։
Ռեժիսորը մահացել է 1994 թվականի ապրիլի 21-ին Մոսկվայում՝ կոկորդի քաղցկեղից։ Թաղված է Կունցևոյի գերեզմանատանը։
Նրա կինը կինոդերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Լաուրա Գևորգյանն է։ Որդիները՝ Դավիթ և Տիգրան Քեոսայանները, որոնք նույնպես շարունակել էին ստեղծագործական տոհմի ավանդույթները, այլևս ողջ չեն։
Էդմոնդ Քեոսայանը վառ հետք է թողել խորհրդային և հայկական կինոյի պատմության մեջ։ Նրա ֆիլմերը դարձել են մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ, իսկ անունը՝ սերունդներին միավորող մշակութային ժառանգության անբաժանելի մասը։