Palazzo Gavazzi․ իտալական շքեղությունը՝ Շահան Մինասյանի ձեռագրով

11 Հոկտեմբերի 2026, 23:30

Մշակույթ

Միլանում իր դռներն է բացել ոսկերչական Buccellati տան նոր՝ Caviar Bar-ը, որի ինտերիերը հեղինակել է դիզայներ Շահան Մինասյանը։ Պատմական Palazzo Gavazzi-ի ներսում տեղակայված այս բացառիկ տարածքը միավորում է իտալական նրբագեղությունն ու վարպետի ինքնատիպ ոճը։

Ինտերիերի հիմքում տարբեր երանգների՝ պղնձագույն, արծաթափայլ և ծխագույն հայելիների, թավշի ու կաշվի ներդաշնակ համադրությունն է։ Տարածքը լրացնում են Fortuny-ի գործվածքները, հատուկ այս նախագծի համար ստեղծված գորգերը, վինտաժ մուրանյան լուսատուներն ու Մինասյանի նախագծած կահույքը։

Շահան Մինասյանը հայկական ծագմամբ ինտերիերի դիզայներ, հնաոճ իրերի մասնագետ և պատկերասրահի հիմնադիր է։ Նա ծնվել է Բեյրութում և բնակվում է Ֆրանսիայում։ Տարբեր մշակույթների ազդեցությամբ ձևավորված նրա գեղագիտական ձեռագիրը առանձնանում է ինքնատիպությամբ և նրբաճաշակությամբ։

Մինասյանը եղել է Ralph Lauren-ի կրեատիվ տնօրենը, ինչպես նաև հեղինակել է նախագծեր Մայամիի Starfish-ի և Փարիզի լեգենդար Hôtel de Crillon-ի համար։ 2008 թվականին նա հիմնադրել է Chahan Gallery-ն, որտեղ ներկայացված են վինտաժային իրեր, հեղինակային կերամիկա և դիզայների սեփական աշխատանքները։

Մինասյանի նախագծերը պարբերաբար հայտնվում են դիզայնին և ճարտարապետությանը նվիրված հեղինակավոր միջազգային պարբերականների էջերում։ Harper’s Bazaar Arabia-ին տված հարցազրույցում նա նշել է. «Ես հայ ոսկերչի որդի եմ, ուստի առանձնահատուկ զգայուն եմ յուրաքանչյուր հեղինակի անհատական ձեռագրի նկատմամբ»։