Armenian Mac & cheese. հայազգի խոհարար Արա Զադանը հայկական պանրախաշի բաղադրատոմս է հրապարակել ինստագրամյան էջում. տեսանյութ

30 Օգոստոսի 2023, 08:30

Մշակույթ

Հայազգի խոհարար Արա Զադան ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել՝ ինչպես կարելի է պատրաստել հայտնի «պանրախաշ» ուտեստը։ Նա տեսանյութին կից գրել է Armenian Mac & cheese:

«Պանրախաշը պանրով մակարոնի հայկական անալոգն է։ Ես պարզապես մակարոնեղենի փոխարեն լավաշ եմ օգտագործում։ Ոմանք այն կարող են անվանել հայկական քեսադիլիա, բայց դա վիճելի է: Ամեն դեպքում, այս բաղադրատոմսն այնքան հեշտ ու համեղ է, որ դուք չեք հիասթափվի: Սա ամենահարմարավետ սնունդն է, որը սովորել ենք պատրաստել Գյումրիում:

Armenian Mac & cheese-ի համար ձեզ հարկավոր է 2 լավաշ՝ խորանարդիկներով կտրատած, 2 բաժակ քերած չեչիլ (կամ ցանկացած այլ պանիր), 1/2 գլուխ սոխ, 3 ճաշի գդալ կարագ, 3/4 բաժակ եռման ջուր

Ջերմակայուն ամանի մեջ լցնում ենք խորանարդիկներով կտրատած լավաշն ու պանիրը, կարագի մեջ տապակում ենք սոխը, տեղափոխում ամանի մեջ, լցնում եռման ջուր, վրան դնում յուղած լավաշի շերտը, եփում ջեռոցում 10-15 րոպե»,- պատմել է Արա Զադան։