Արցախահայության հարցը պետք է զերծ պահենք շոուներից․ Վարդևանյան

13 Հոկտեմբերի 2026, 12:05

Քաղաքականություն

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական խնդիրների համար թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Արցախի հարցին նվիրված քննարկումն անցկացնելու համար ընտրվել է փակ ձևաչափ, ինչի հետևանքով իրենք չեն կարողացել մասնակցել դրան։

«Մենք, բնականաբար, Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր քույրերի և եղբայրների կողքին եղել ենք և լինելու ենք միշտ։ Այս քննարկմանն էլ պատրաստ էինք մասնակցել, սակայն նման կարգով կազմակերպման դեպքում դա օբյեկտիվորեն հնարավոր չենք համարում։ Մենք ամեն բան անում ենք, որ շոուներից զերծ մնանք»,– ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները չպետք է սահմանափակվեն առանձին խնդիրների լուծմամբ՝ անտեսելով արցախահայության առջև ծառացած համակարգային դժվարությունները։