Կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ սեփականության վերականգնման միջազգային հայցերին․ Թորոսյան

13 Հոկտեմբերի 2026, 13:25

Հասարակություն

ՀՀ կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ իրենց թողած գույքի վերականգնմանն ուղղված միջազգային հայցերին։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Վերածնվող Արցախ» կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանի հայտարարությանը՝ ԱԺ-ում բռնի տեղահանված արցախցիների մասնակցությամբ լսումների ժամանակ։

Իսրայելյանի կարծիքով՝ արցախցիները պետք է ունենան իրավական այնպիսի կարգավիճակ, որը նրանց հնարավորություն կտա միջազգային հայցեր ներկայացնել լքված տների և գույքի վերաբերյալ։ Ներկայիս կարգավիճակը, նրա խոսքով, դա թույլ չի տալիս։

Թորոսյանն իր հերթին կարծում է, որ արցախցիները պետք է «լիարժեք ինտեգրվեն երկրի կյանքին»։ Նրա խոսքով՝ դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք չեն կարողանա հայցեր ներկայացնել, սակայն իշխանությունները չեն մասնակցի այդ գործընթացին։

Իր հերթին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ արցախցիների գույքային պահանջները քաղաքացիների անհատական նախաձեռնությունն են, և կառավարությունը տվյալ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում չունի։

Ղազարյանի ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ արցախահայերից քաղաքացիություն ստանալու 53 099 դիմում է ստացվել, իսկ ՀՀ քաղաքացիություն արդեն ստացել է 45 098 անձ։

Հիմա եթերում